Մշակույթ 

Երևանում մեկնարկել է «Արտ Ֆեստ» երրորդ փառատոնը

 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Մեկ արքայի թատրոն» պիեսով Երևանում այսօր մեկնարկել է «Արտ Ֆեստ» հանրապետական երրորդ բաց փառատոնը ։



Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշեց, որ ներկայացված են մի քանի ոլորտների աշխատանքներ` թատերարվեստ, կինոյի արվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, գեղանկարչություն, լուսանկար և քանդակ։ Նրա տեղեկացմամբ` այս տարի կան նաև նոր ոլորտներ` վոկալ արվեստ, դիզայն և դեկորացիաներ:



«Արտ Ֆեստ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով, հանդիսատեսի հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ տարեցտարի աճում է։



« «Արտ Ֆեստ» փառատոնի հիմնական նպատակն է՝ սկսնակ մարդուն տալ ինքնաբացահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն. որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ: Մենք ցանկանում ենք, որ երաժիշտները, նկարիչները, դերասանները հանդիպեն միմյանց որպես մեկ ամբողջական մշակութային սերունդ` սեփական կենսագրությունը սկսելու համար»,– նշեց Դավիթ Մուրադյանը:



Դավիթ Մուրադյանը կարևորեց մարդու առաջին քայլը, քանի որ, ըստ նրա, ժամանակին նկատված և ժամանակին խրախուսված շնորհքը նորմալ, առողջ զարգացման ընթացք է ունենում.

«Արվեստը մի քիչ անսահմանության հոմանիշն է: Միշտ ունի ազատ տեղ, երբեք որևէ շնորհալի մարդ ուրիշի տեղը չի գրավում: Այդ ազատ տեղերի վրա գալիս է մի նոր և ազատ սերունդ, որը մեր ժամանակի լավագույն ձեռքբերումներից մեկն է, որը հարստություն է, սոցիալական նվաճում է, հեռանկար և ապագա է խոստանում: Որտեղ կա երիտասարդություն, այնտեղ էլ կա ապագա: Այսօր կփորձենք այս փառատոնի ընթացքում տեսնենք, թե ապագան ինչպես է արտացոլվում թեկուզ իր նախանշաններով մեր ներկայի մեջ»:

 


Փառատոնը մրցութային բնույթ է կրում։ Դրան մասնակում են 16-35 տարեկան առանձին կատարողներ և ստեղծագործական խմբեր։ Առաջին տարի փառատոնին մասնակցել է 130 մարդ, մեկ տարի անց` 200, իսկ այս տարի ունենք 350 մասնակիցներ Հայաստանից և մարզերից:



Հաղթողներին որոշում է պրոֆեսիոնալ հանձնաժողովը։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ։

 

Նույն շարքից