Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառման համար ընտրվել է «Թանգարաններ՝ հիշողության վկաներ» խորագիրը: Հայաստանի տարածքից դուրս ևս իրականացվելու են միջոցառումներ՝ արտերկրի դեսպանություններում և կենտրոններում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ շեշտելով, որ թանգարաններն անմասն չէին կարող մնալ տարվա խորհրդից՝ Հայոց ցեղասպանության տարելիցից:
«Տարբեր երկրներում «Հայաստանը քարտեզներում» խորագրով շնորհանդես կլինի: Բոլոր թանգարաններն աշխատել են լավագույնս ներկայացնել ծրագրեր՝ համերգներ, բեմականացումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ»,-ասաց նա:
Ա. Սամուելյանը հայտնեց, որ հատուկ «Թանգարանների գիշեր» ծրագրի համար բոլոր այցելուները կարող են գրանցվել և միանալ Firechat հավելվածին: Այն միավորում է այցելուներին և հնարավորություն ստեղծում կիսվել օրվա իրադարձություններով, տեղեկանալ, թե ինչ է կատարվում այլ թանգարաններում:
Հիշեցնենք, որ միջոցառմանն այս տարի մասնակցելու է 111 թանգարան Հայաստանից և Արցախից: