Չնայած Չեխիայի հայության ակտիվ քվեարկությանը, «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանի մասնակից խումբը՝ Genealogy-ին այս երկրից ստացավ ընդամենը 2 միավոր, ինչը մեծ կասկածի տեղիք է տալիս, նկատի ունենալով, որ Չեխիայից Ադրբեջանն ստացավ 12 միավոր, գրում է «ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրը։
Ըստ կայքի՝ եթե առաջին տեղը տրվեր Ռուսաստանին, Իտալիային կամ Շվեդիային, որոնք գլխավորում էին առաջին երեք տեղերը, ինչ որ չափով հասկանալի կլիներ, սակայն Հայաստանին գցելով 9-րդ տեղ և Ադրբեջանին տալով 1-ին տեղ, չեխական ժյուրին հաստատել է իր կողմնապահությունը և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։
«Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր Եվրատեսիլների ընթացքում, որոնց չեխ ներկայացուցիչ է մասնակցել, և Չեխիան քվեարկության իրավունք է ստացել, Հայաստանի ներկայացուցիչները ստացել են 12 միավոր։ Իսկ Ինգա և Անուշ Արշակյանների մասնակցության տարում, միայն Չեխիան 12 միավոր շնորհեց Հայաստանի մասնակիցներին։ Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանը Չեխիայից ցածր միավոր ստանալու իրավունք չունի։ Օրինակ՝ անցյալ տարվա հաղթող Ավստրիան, այս տարի ստացավ 0 միավոր»,– նշվում է հոդվածում։
Կայքը նաև գրում է, որ նկատի ունենալով, որ վերջին տարիներին փոխվել է քվեարկության սկզբունքը և ազգային հանձնաժողովներն իրենց հայեցողությամբ կիսում են տրված ձայները, Չեխիայի ազգային հանձնաժողովի անդամները խիստ սուբյեկտիվ միջամտությամբ կարողացան ազդել ձայների վերջնական արդյունքի վրա։
«Արդեն հրապարակված արդյունքներից պարզ է դառնում, որ Եվրատեսիլ-2015 մրցույթում Հայաստանի Genealogy թիմը հեռախոսային քվեարկության արդյունքում Չեխիայից ստացել է ամենաբարձր միավորները և գրանցվել 1-ին տեղում: 2-րդ տեղում եղել է Ռուսաստանը, իսկ 3-րդում՝ Իտալիան։ Ադրբեջանը եղել է 4-րդ տեղում, բայց ժյուրիի կամքով հայտնվել է 1-ին տեղում»,– գրում է կայքը։
