Մշակույթ 

Որոշ բուհեր մայրաքաղաքից Գյումրի տեղափոխումը կարող է դառնալ Գյումրու զարգացման ծրագրերից մեկը․ նախարար

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ որոշ բուհեր մայրաքաղաքից Գյումրի տեղափոխումը կարող է դառնալ Գյումրու զարգացման ծրագրերից մեկը։ Նախարարը նշեց, որ դա իրենց նախաձեռնությունն է։ 



«Ես կոչ արեցի մեր ընկերներին, որ այսօրվանից նախապատրաստվենք Գյումրու զարգացման ծրագրեր քննարկելուն, քանի որ մինչև 2016-2017թթ-ը մենք կավարտենք Գյումրու վերականգնման ծրագիրը։ Մեր մոտեցումը այսպիսին է՝ սկսենք Գյումրիի մուտքերից՝ ճանապարհներից, որովհետև անելիքներ շատ կան այս ուղղությամբ, պետք է կառուցենք Գյումրին շրջանցող 5 կմ երկարությամբ ճանապարհը»,- ասաց նա։



Նախարարն ընդգծեց, որ խոսքը բոլոր բուհերի մասին չէ, այլ՝ մեկ-երկու բուհի։ Մեկ կամ երկու բուհ էլ, ըստ նախաձեռնության, պետք է տեղափոխել Աբովյան քաղաք։



«Սրանցից վերջինը ունի 25 տարվա պատմություն և նախատեսված էր հատակագծով, իսկ  Գյումրի տեղափոխելու հարցը իրականում արդեն 5 տարվա պատմություն ունի։ Ուղղակի երբ դա քննարկվեց նախարարության հարթակում, բոլորի մոտ տպավորություն եղավ, թե նախարարությունը ծրագիր է ուզում անցկացնել»,- ասաց նա։

 

 

Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ բուհերի տեղափոխումը արագ լինող ու հեշտ ծրագիր չէ։ Նա նշեց, որ Գյումրին Հայաստանի խիստ տարբերվող քաղաքներից մեկն է, որն իրավունք ունի ունենալ մայրաքաղաքային ֆունկցիա։



«Բոլորս գիտենք, որ ամեն ինչ ամբողջությամբ կենտրոնացնել Երևանում չի կարելի, քանի որ դա խանգարում է այլ քաղաքների զարգացմանը։ Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտից հետո, ամենաշատը 50 րոպե կտևի Երևան- Գյումրի ճանապարհը,»,- ասաց նա և ընդգծեց, որ առանց հարցը լրջորեն քննարկելու որևէ բան չի իրականացվելու։

Նույն շարքից