Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:
Քանդակագործ, նկարիչ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ 82-ամյա Արտո Չաքմաքչյանը Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Արվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար նկարիչ Վլադիմիր Մարգարյանին (Վալմար) ևս շնորհվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Ալբերտ Գյունաշյանը արժանացավ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:
Հանրապետության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանն արժանացավ Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: