Մշակույթ 

Հունիսի 1-ին Երևանում կանցկացվի երթ՝ հայ և օտարերկրյա տիկնիկային գործիչների մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մշակութային ծրագրերի շրջանակում հունիսի 1-ին Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության՝ ՅՈՒՆԻՄԱ-ի ազգային կենտրոնները ներկայացնող գործիչները Հայաստանում կազդարարեն «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը։

 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը նշեց, որ երթի նպատակը մեկն է՝ ևս մեկ անգամ ողջ աշխարհի քաղաքակիրթ հանրության ուշադրությունը կենտրոնացնել համամարդկային արժեքներին։

 

«Մասնավորապես դատապարտել ոճրագործության բոլոր ձևերը, ինչպես նաև ուշադրությունը կենտրոնացնել համամարդկային արժեքներին` բարեկամությունը, մարդասիրությունը: Դսեղում կայացած ամենամյա տիկնիկային փառատոնը, որն արդեն ավանդույթ է, շատ կարևոր դեր է խաղում մեր ընդհանուր քաղաքականության մեջ, ինչպես նաև տիկնիկային ոլորտի ընդհանուր զարգացմանը»,-ասաց նա։

 

ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանն էլ նշեց, որ նման երթ հայ տիկնիկային գործիչները իրականացրել են 20 տարի առաջ։

 

«Հայաստան են գալու տարբեր երկրներից տիկնիկային գործիչներ և թատրոններ, գալու են մասնակցելու երթի մեկնարկին` հատկապես այս տարի, երբ համայն առաջադեմ մարդկությունը միացել է բոլոր վայրագությունների, ցեղասպանությունների դեմ մեր այս շարժմանը։ Այս երթին մեծ աջակցություն է ցուցաբերում 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի գրասենյակը»,-ասաց նա և տեղեկացրեց, որ հունիսի 1-ին տեղի է ունենալու երթը, իսկ հունիսի 3-ին Երևանի կենտրոնում տնկելու են միակ խաղաղության ծառը` աշխարհի հինգ մայրցամաքներից բերված հողով ու ջրով:

 

Նա հունիսի 1-ին բոլորին հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղից էլ սկսելու է երթը` ժամը 16:30-ին: Երթը, ընթանալով Հյուսիսային պողոտայով, մուտք է գործելու Կարապի լիճ, որտեղ տեղադրված են լինելու տիկնիկային բեմեր։

Նույն շարքից