Գանձակի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանում հայտնված ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գործի քննությունը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած Արսեն Բաղդասարյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Նախորդ նիստի ընթացքում դատախազ Անար Միրքիշիևը պահանջել էր նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել։
Հիշեցնենք, որ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր՝ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։
Սակայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այդ լուրը` տեղեկացնելով, որ տվյալ անձը, լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: