ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, ով մասնակցել է Շուշիի ազատագրման օպերացիայի մշակմանը, հինգշաբթի լրագրողներին նշեց, որ հպարտ է այն ժամանակաշրջանում ծնվելու համար, երբ որոշվել է իր հայրենիքի` Հայաստանի ճակատագիրը։
«Հպարտ եմ, որ որպես ռազմական մասնագետ կատարեցի իմ պարտավորություններն ազգի և հայրենիքի առաջ, հպարտ եմ, որ մեր սերունդն արեց այնպես, որ չկորցրինք հողերը, այլ հակառակը։ Հպարտ եմ, որ այդ բոլոր իրադարձությունների մասնակիցն եմ եղել», – ասաց գեներալ–գնդապետը։
Դալիբալթայանի խոսքով` Ղարաբաղի պատմական քաղաքի` Շուշիի ազատագրումը շատ դժվար չէր, քանի որ մինչ այդ արդեն կատարվել էին բոլոր նախապատրաստական աշխատանքներն ու քաղաքին տանող բոլոր մատույցները «մաքրվել էին»։
«Մնում էր միայն հաղթական երթով մտնել Շուշի։ Շուշին նման է արծվաբույնի, ներքևից հարկավոր էր մոտենալ քաղաքի մատույցներին։ Մեր խնդիրն էր լուծել խնդիրը նվազագույն կորուստներով և որպեսզի մեզ ոչ մի դեպքում չմեղադրեն ագրեսիայի մեջ։ Մենք լուծեցինք այդ խնդիրը։ Ոչ ոք չի կարող մեղադրել մեզ, որ մենք ագրեսորներ ենք, մենք մաքրեցինք մեր հողերն այդ չարիքից», – ասաց Դալիբալթայանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա տոնել հաղթանակը, գեներալ–գնդապետը նշեց, որ գնացել է մի ժամով քնելու և հանգստանալու։