ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԶՈւ ողջ հրամանատարական կազմն ամեն ինչ անում են հակառակորդի հետ խելացի «հարաբերությունների» ձևավորման, խելացի պաշտպանության իրականացման և հրադադարի ապահովման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի 21-ամյակի առնչությամբ նման տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ:
«Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Հետևողականորեն գնում ենք դրան: Եթե չի ստացվում, ապա պետք է հարցնել հարևաններին: Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն և հարցերը լուծվեն փոխըմբռնման և մեր շահերի գերակայման պայմաններում»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ այս տարիների ընթ ացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել:
Նախարարը շեշտեց, որ պարբերաբար ինտենսիվ կրակոցներ, դիրքերի առաջ տալու ժամանակներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ են եղել: Այս առումով Օհանյանը շեշտեց, որ նախորդ տարի դիվերսիոն գործողությունների լարվածությունը հասել է գագաթնակետին:
Նախարար Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում: