Ռազմական 

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ ՊԲ նախկին զինծառայողին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամներն այցելել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծն Աղդամի շրջանում հատած Արսեն Բաղդասարյանին։

 


Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ այցելությունը կայացել է մի քանի օր առաջ։

 


Միջազգային կազմակերպության աշխատակիցների միջոցով նախկին զինծառայողն ու նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել։

 


Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր՝ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի  ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։

 

Սակայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այդ լուրը` տեղեկացնելով, որ տվյալ անձը, լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

 

 

Մայիսի սկզբին Արսեն Բաղդասարյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Նույն շարքից