Իրավական 

2016թ.–ից Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայություն. արդարադատության նախարար

2016թ.–ից Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայություն երեքշաբթի ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» հաշվետվության քննարկման ժամանակ։ 



Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի քրեակատարողական համակարգում կարող է ապահովել ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների, մասնավորապես, տուգանքների կամ հանրային աշխատանքների կիրառում։ Այսպիսով` օրինախախտ անձը չի տեղափոխվի ազատազրկման վայր, այլ կգտնվի պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո և կկատարի դատարանի վերագրած պարտավորությունները։



Մանուկյանի խոսքով, մինչև 2015 թվականի վերջ կլուծվեն բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը, որ ծառայությունը սկսի գործել Հայաստանի տարածքում արդեն 2016 թվականից։



«Պրոբացիոն ծառայության ներդրման հարցը Հայաստանում քննարկվում է արդեն մի քանի տարի։ Այդ ծառայությանն անցնելը, ինչպես նաև պատժի այլընտրանքային տեսակների կիրառումը Հայաստանի համար կարևոր գերակայություն է և կառավարության հիմնական նպատակներից մեկը քրեակատարողական համակարգում»,– ասաց Մանուկյանը։



Ըստ նրա, պրոբացիոն ծառայության ներդրումը լավ մեկնարկ է Հայաստանում քրեական արդարադատության մակարդակի և արդյունավետության բարձրացման համար։

Նույն շարքից