Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) զորախմբերն այսօր Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում անցկացրել են անակնկալ ստուգումների գործնական ակտիվ փուլը, որը կայանում էր Աֆղանստանի կողմից պայմանական հակառակորդի հարձակումը ետ մղելու մեջ: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Ըստ ծրագրի` իրավիճակը Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին լրջորեն սրվել է: Աֆղանստանի տարածքից ավազակախմբեր են ներխուժել Տաջիկստանի տարածք: Տաջիկստանի Զինուժը այլ ուժային կառույցների հետ համատեղ ռազմական գործողություններ են իրականացնում հարձակումը ետ մղելու համար», - զորավարժությունների մասին պատմել է վերջինս:
Իրավիճակի կայունացման նպատակով որոշում էր կայացվել Տաջիկստանի տարածքում մայիսի 16-18-ը Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ անցկացնել, որը հաջողությամբ ավարտվել է այսօր: Զորախմբերի գործողություններին հետևել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Զորավարժությունների ընդհանուր ղեկավարությունը ստանձնել էր ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, Տաջկստանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Շերալի Միրզոն: