Իրավական 

Կողոպուտի փորձ է տեղի ունեցել Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում

«Եկեղեցին  բացել եմ նույն ժամին և նկատել եմ կողոպուտի փորձը և  ահազանգել ոստիկաններին:  Եկեղեցուց միայն  փորձել են  տանել  գանձանակի  գումարը, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա։

 

Կողոպուտի փորձ է տեղի ունեցել Գյումրու Սբ Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցում: Հանցագործը, կամ հանցագործները փորձել են տանել եկեղեցու գանձանակների գումարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գրիշա սարկավագ Եղիազարյանը, ում վստահված է եկեղեցու բացման և փակման գործողությունը, նա առավոտյան ժամը 6:40-ի ն, ինչպես միշտ, բացել է եկեղեցու դուռը  և նկատել, որ պատուհաններից մեկը բաց է՝ տակն էլ աթոռ, որից հետո տեսել է, որ գանձանակներից մեկի կողպեքը կոտրված է և բաց: Մյուս գանձանակը փակ է եղել, կողպեքը տեղում՝ այն բաց է եղել եռակցման տեղից: Գանձանակներից մի փոքր հեռու հայտնաբերվել է ուսապարկ՝ ինչպես հետո ոստիկաններն են պարզել, գանձանակների գումարով և լինգով, որով, հավանաբար, փորձել են բացել գանձանակը:

 

 

«Երեկոյան ժամը 19:00ին ես փակել եմ դուռը: Եկեղեցում ամեն ինչ նորմալ էր: Ինչպես միշտ՝ եկեղեցին  բացել եմ նույն ժամին և նկատել եմ կողոպուտի փորձը և  ահազանգել ոստիկաններին:  Եկեղեցուց միայն  փորձել են  տանել  գանձանակի  գումարը, ուրիշ ոչ մի բան: Ամեն ինչ տեղում է»,- նշեց  Գրիշա սարկավագ Եղիազարյանը:



Ոստիկանները տեղում կատարում են տարածքի զննում: «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կատարվածը չար մարդկանց արարք որակեց:

Նույն շարքից