ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Արմավիրի մարզում կատարած սպանությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ապրիլի 29ին, ժամը 11.30ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մի բնակչից ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մրգաշատից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերել է համագյուղացու՝ 1960թ. ծնված Էդիկ Մելիքյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Է. Մելիքյանի դիակը` պարանոցի շրջանում վնասվածքների հետքերով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվհետախուզական և փնտրողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 30ին, սպանությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Մրգաշատ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հովսեփ Սարգսյանը: Քննությունը շարունակվում է: