Ապրիլի 29-ին՝ ժամը 11։30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մի բնակչից ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մրգաշատից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերել է համագյուղացու՝ 1960 ծնված Էդիկ Մելիքյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Է. Մելիքյանի դիակը` պարանոցի շրջանում վնասվածքների հետքերով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 30-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Մրգաշատ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հովսեփ Սարգսյանը:
Քննությունը շարունակվում է: