Իրավական 

Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը պակասել է ՔՕ խստացման արդյունքում

analitik.am

Հայաստանում 2013 թ. վերջին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որով խստացվեցին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար  պատիժները, պակասել են անչափահասների նկատմամբ սեռական  հանցագործությունների դեպքերը:

 

Այս մասին «Սեռական բռնությունը՝ անչափահասների նկատմամբ Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեցին Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանն ու «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

 

Դավիթ Թումասյանը նախ ներկայացրեց համապատասխան վիճակագրությունը՝ ասելով. «Այսպես՝  2013թ. ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ իրականացվել է կանանց սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 23 հանցագործության դեպք, 2014-ին `28, իսկ անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին 78 դեպք է գրանցվել, և 2014-ին՝ 63 դեպք: Պետք է նշեմ նաև, որ արական  սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին գրանցված 13 դեպքի դիմաց 2014-ին գրանցվել է 3 դեպք»:  

 

2013 դեկտեմբերի 23-ի ուժի մեջ մտան քրեական օրենսգրքում փոփոխությունները, որով խստացվեցին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների նկատմամբ պատժաչափերը։

 

Ըստ Դավիթ Թումասյանի` սույն վիճակագրության փոփոխության հիմնական պատճառն այն է, որ Քրեական օրենսգրքով անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները  հավասարեցվել են ընդհուպ մինչև բռնաբարության  համար նախատեսվող պատժաչափերի, և դա ուժեղ զսպող ազդեցություն է  թողել «այն անձանց համար, որոնք նախկինում օգտագործում էին անչափահասներին  իրենց սեռական կարիքները բավարարելու համար` գիտակցելով որ դրա համար վճարելու են տուգանք»:

 

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն էլ ներկայացրեց սեռական հանցագործություններ կատարող անձանց շրջանակը և պայմանները:

 

Ըստ նրա՝ թեպետ եղել են մի քանի աղմկահարույց դեպքեր, երբ կասկածը եղել է երեխայի հոր կամ ընտանիքի այլ անդամների նկատմամբ, դրանք, որպես կանոն, հերքվել են: Եվ պոտենցիալ հացագործները տուժողի ընտանիքի հետ արյունակցական կապ չունեցող, բայց այդ ընտանիք մուտք գործող անձինք են եղել:

 

Նույն շարքից