Իրավական 

ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է. Սուրիկ Խաչատրյանի որդին եղել է ծեծկռտուքի մասնակից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։



Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։

 

2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:

 

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին  աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:

 

Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը  մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում։

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, տուժածի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նույն շարքից