Իրավական 

Լրագրողների նկատմամբ բռնության ավելի քան 200 դեպք է գրանցվել Հայաստանում վերջին 10 տարիներին

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության ավելի քան 200 դեպք է գրանցվել Հայաստանում վերջին 10 տարիներին, ասաց «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։



«Միայն 2014 թվականին գրանցվել է 9 հարձակում։ Միաժամանակ, ընդամենը 4 դեպք է հետաքննվել պատշաճ կերպով` բավարարելով ԶԼՄ–ների ներկայացուցիչների ակնկալիքները։ Շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները նմանատիպ դեպքերի քննության պարտավորություն ստանձնեն»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Բարսեղյանը։



Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, հայտնեց, որ խոսքի և մամուլի ազատության իրավիճակի բարելավման համար Հայաստանում անհրաժեշտ է բողոքել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի դեմ։



«Պետք է զանգվածային բողոք արտահայտել։ Ոչ մի դեպքում չհաշտվել տեղ գտած միջադեպերի հետ։ Միայն այս կերպ կարելի է ձևավորել դրական օրենսդրական պրակտիկա»,– ասաց Դոյդոյանը։



«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանն իր հերթին նշեց, որ շատ կարևոր է հասարակության համարժեք արձագանքը։



«Լրագրողի դեմ ցանկացած բռնություն պետք է դիտարկվի որպես բռնություն հասարակության նկատմամբ։ Անհրաժեշտ է աղմուկ բարձրացնել, որը կգրավի իշխանությունների ուշադրությունը»,– ասաց Դեհերյանը։



Ընդհանուր առմամբ, բոլոր երեք փորձագետները համակարծիք են, որ Հայաստանում ԶԼՄ—ներն ազատ չեն, և դրա հիմնական պատճառն իշխանությունների կողմից մեդիայի վերահսկողությունն է։ Բացի այդ, փորձեր են կատարվում վերահսկել ինտերնետային ռեսուրսները։ 

Նույն շարքից