Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանի արտահայտած այն մտքին, թե ինքը ցանկացել է թաքնվել նախաքննություն իրականացնող մարմնից, ինչպես նաև նրան, որ Բալոյանը քննարկման առարկա է դարձրել այն հանգամանքը, որ վթարից հետո Վարդան Պետրոսյանը բուժում է ստացել ոչ թե պալատում, այլ վերակենդանացման բաժանմունքում:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը վերակենդանացման բաժանմունքում է բուժում ստացել այն պատճառով, որ բժիշկներն այդպես են հարմար գտել:
Ինչ վերաբերում է իր՝ նախաքննական մարմնից թաքնվելուն, Պետրոսյանը նշեց, որ ինքը երբեք էլ նախաքննական մարմնից չի հեռացել, քննիչն ինքն է արհեստական պատճառներ գտել՝ իբր հիմնավորելու համար, որ ինքը ցանկացել է թաքնվել նախաքննական մարմնից:
Անդրադառնալով տուժողների կողմից դերասանից պահանջվող գումարներին՝ Պետրոսյանը նշեց, որ ինքը երբեք չի հրաժարվել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը վճարել, ավելին, տեղի ունեցած միջադեպից հետո ինքն իր հարազատների միջոցով արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրեն հնարավորություն տրվի Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալու:
Դերասանն ասաց նաև, որ ինքը բազմիցս հաշտության առաջարկ է արել տուժողներին, խնդրել տեղի ունեցածը դիտել որպես դժբախտ պատահար, սակայն տուժողները հրաժարվել են:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ տուժող Արթուր Հակոբյանին բարկացրել էր այն հանգամանքը, որ դատախազի վերաքննիչ բողոքն ընթերցելու ընթացքում դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձինք ծիծաղել էին: Անդրադառնալով դրան, Վարդան Պետրոսյանը նշեց, որ դահլիճում ներկաները ոչ թե հաշվի չեն առնում տուժողների վիշտը, այլ պարզապես դատախազի ու տուժողների փաստաբանի արտահայտած մտքերն իսկապես ծիծաղ են առաջացնում: