«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի է դարձել, որ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նախօրեին ազատ է արձակվել:
Նա կալանավորվել էր փետրվարի 2-ին` խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով: Հ. Հակոբյանն, ինչպես հայտնի է, սկսել է իր ուժերը փորձել կինոարտադրությունում: Նրա առաջին ֆիլմը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, ըստ որոշ գնահատականների, եղել է նրա կալանավորման իրական պատճառը: Ասում են, որ եթե այն էկրան բարձրանար, ապա կանարգեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ Հակոբ Հակոբյանը որոշել է չհանձնվել:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել: «Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք եւ քննարկենք, տեսնենք` ինչ կարող ենք անել»,- ասել է Հակոբյանը:
Մի խոսքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա Հակոբյանը գուցե տեղափոխվի Հոլիվուդ. այնտեղ ավելի ապահով է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: