Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժած 32-ամյա Հարություն Զաքարյանը բուժումն ստանում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, նրա աչքի վիճակը ծանր է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարությունին բուժող բժիշկ Հովսեփ Միրոյանը:
«Նա համապատասխան բուժում է ստանում մեր կենտրոնում, աչքի վիճակը ծանր է, վերջնական բան ասել չենք կարող»,-փոխանցեց բժիշկը:
Արձագանքելով լրատվամիջոցներում շրջանառվող այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է Զաքարյանի հետագա բուժումը կազմակերպել Մոսկվայում, բժիշկն ասաց, որ դա նրա ծնողների ցանկությունն է:
«Հայաստանում ևս հնարավոր է ապահովել պրոֆեսիոնալ ակնաբուժական ծառայությունը»,- հավելեց Միրոյանը:
Ինչ վերաբերում է տեսողության վերականգնմանը, ապա մասնագետը այս պահին ձեռնպահ մնաց հստակ որևէ բան ասել՝ նշելով, որ անհրաժեշտ է վերականգնողական բուժում:
Հարությունի հայրը՝ Գագիկ Զաքարյանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որդին շարունակում է բուժում ստանալ և որևէ փոփոխություն նրա վիճակի մեջ չկա: Դեպքի վերաբերյալ Զաքարյանը հրաժարվեց որևէ բան ասել՝ ընդգծելով, որ իրեն այս պահին հետաքրքրում է միայն որդու առողջությունը:
Մեր հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից Զաքարյանները որևէ պահանջ ունե՞ն, Գագիկ Զաքարյանը կրկնեց. «Էս պահին ինձ հետաքրքրում ա որդուս առողջությունը»:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, գրել էր, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:
Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում։
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, տուժածի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։