Իրավական 

Գորիսի միջադեպի գործով դատախազը վկաներին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

 

Ըստ աղբյուրի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:

 

Տեղեկացնում են նաև, որ միաժամանակ նախաքննական և հետաքննական մամիններին ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

 

 

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:

 

Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում։

Նույն շարքից