Իրավական 

Վիրաբույժի հետ վիճաբանած անձը ինքնակամ ներկայացել է իրավապահներին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ։ 

 

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ մայիսի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում դիակ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա.Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «անզգուշությամբ մահ պատճառելը»: Այս հանցանքի համար որպես պատիժ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Ըստ աղբյուրի, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում տեղադրված տեսախցիկների` դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ մայիսի 9-ին ժամը 22:43-ին Ա.Կարապետյանը հիշյալ գրասենյակում վիճաբանել և ձեռքերով ու ոտքերով ծեծի է ենթարկել մի տղամարդու։ Վերջինս մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին, ապա` կրծքավանդակից հրել, ինչի հետևանքով Ա.Կարապետյանը հետ է գնացել, կորցրել հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

 

ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնից մայիսի 10-ին ստացված մահվան մասին բժշկական վկայականի կտրոնի համաձայն՝ Ա.Կարապետյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր կորոնար անբավարարությունը, նրա մոտ հայտնաբերվել է նաև ենթամաշկային արյունազեղում ձախ ծոծրակային շրջանում: 

 

Վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը պարզվել է, ով ինքնակամ ներկայացել է եւ հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է:

 

Նշենք, որ Ահարոն Կարապետյանը հայտնի վիրաբույժ էր, աշխատում էր «Երևան» բժշկական կենտրոնում (նախկինում` 6-րդ հիվանդանոց):

Նույն շարքից