Մայիսի 6-ի նիստը մի քանի ուշագրավ ինտրիգային պահեր ունեցավ՝ կապված մեղադրանքի շինծու լինելու հետ, որոնց օբյեկտիվ գնահատման դեպքում եթե նույնիսկ մեղադրողը չհրաժարվի մեղադրանքից, դատարանը պետք է կարճի գործը՝ առնվազն՝ ապացույցների անբավարարության հիմքով, և արդարացնի Արթուր Զադոյանին:
Հիշեցնենք, որ նա 2009-ի հոկտեմբերի 5-ին հրազենային ծանր վնասվածքներ էր ստացել պատգամավոր Յուվեցի Կարոյից, բայց Կարոն էր դարձել տուժող:
Հետազոտվեցին գործի իրեղեն ապացույցները՝ դեպքի պահին Ա. Զադոյանի հագին եղած հագուստները՝ ջինսե տաբատը, սև սվիտերը, կոշիկները, ինչպես նաև դրանց վերաբերյալ փորձագետների կողմից տրված դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը: Դրանից պետք է պարզվեր, թե ինչ վնասվածքներ, հետքեր կան Արթուր Զադոյանի մարմնի, հագուստների վրա, եթե կան՝ հրազենային են, թե ոչ, եթե հրազենային են, ապա ինչ զենքից են կրակել և ինչ ուղղությամբ, կրակոցների պահին ի՞նչ փոխադարձ դիրքերում են գտնվել կրակող կարո կարապետյանը և վնասվածքներ ստացած Արթուր Զադոյանը:
Հետազոտվող եզրակացության մեջ փորձագետները նշել էին, որ Ա. Զադոյանի աջ ձեռքի և ոտքի վրա առկա վնասվածքները՝ հրազենային-գնդակային միջանցիկ վնասվածքներ են, առաջացած՝ 9մմ տրամաչափի, պղինձ պարունակող գնդակներից՝ երկու կրակոցով: Ձեռքի վնասվածքն ունի առջևից՝ հետ, վերից՝ վար ուղղություն /այսինքն՝ կրակոցն արձակվել է առջևից/, իսկ աջ ոտքինը՝ ունի հետևից առաջ ուղղությունը: Չնայած հասարակ տրամաբանությունն էլ հուշում է, որ աջ ձեռքի հրազենային վնասվածքն ստանալիս՝ Ա. Զադոյանը դեպի հրազենի փողաբերանն /կրակողը/ ուղղված է եղել առաջամասով, իսկ ոտքի վնասվածքը ստանալիս՝ հետնամասով, սակայն դա չի խանգարել փորձագետներին՝ լղոզել եզրակացությունը. նրանք փորձել են տեղավորել շինծու մեղադրանքի շրջանակում: Նշել են, որ չի բացառվում Ա. Զադոյանն այդ վնասվածքները ստացած լինի Կ. Կարապետյանի, Ռոբերտ Մովսիսյանի, Էդուարդ Թարվերդյանի նշած հանգամանքներում և փոխադարձ դիրքերի որոշակի փոփոխման պայմաններում:
Ա. Զադոյանի կրծքավանդակի հատվածում առկա /ոչ հրազենային/՝ կողոսկերի կոտրվածք, բութ առարկայի ներգործությունից ստացած վնասվածքների մասով փորձագետները կրկին չեն բացառել, որ Ա. Զադոյանը դրանք ստացել է մեքենայի մեջ՝ Կարո Կարապետյանի նշած հանգամանքներում, երբ վերջինս մեքենայի մեջ անցել է հետնամաս ու սկսել ոտքերով, ձեռքերով, արմունկներով հարվածել Զադոյանին:
Մի քիչ էլ քննիչի, փորձաքննիչի արածը հետազոտենք, Կարոն կդատվի
Ա. Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը նշեց, որ գործով կատարվել է միակողմանի, ոչ օբյեկտիվ քննություն, որի հետևանքն այդ եզրակացությունն է: Քննիչ Վ. Մուրադյանը փորձաքննությանը տրամադրել է դեպքից 5 տարի անց, միայն իր կողմից վերցված այն ցուցմունքները /մասնավորապես՝ տուժող ճանաչված Կ. Կարապետյանի, վկաներ՝ Ռոբերտ Մովսիսյանի և Էդուարդ Թարվերդյանի/, որոնք հարմար են եղել իր առաջ քաշած՝ պատգամավորին փաստացի մեղադրյալից միանգամից տուժող դարձնելու սցենարը հաստատելու համար:
Բացի այդ, ըստ պաշտպանի՝ քննիչը փորձագետներին չի տրամադրել պատգամավոր Կ. Կարապետյանի վարորդ, ականատես վկա Օնիկ Հովհաննիսյանի նախաքննական սկզբնական ցուցմունքը, որտեղ /երբ ուղղորդիչներ չեն եղել/ նա նշել է, որ 5 կրակոցներն էլ արձակել է Կարո Կարապետյանը:
Քննիչը փորձագետներին չի տրամադրել նաև Կ. Կարապետյանի և Ա. Զադոյանի առերես հարցաքննության արձանագրությունը, որտեղ Կ. Կարապետյանն ընդունել է, որ ինքը մեքենայի մեջ է զենքը հանել, ինչը հաստատում է Ա. Զադոյանի ցուցմունքը: Դա նշանակում է, որ Ա. Զադոյանը ռեալ վտանգ է զգացել իր կյանքի համար, այդ պատճառով էլ մեքենայի մեջ, ինքնապաշտպանության նպատակով մեքենայի բանալիով հարվածել է Կ. Կարապետյանի գլխին:
Բացի դա, փորձագետները լղոզել են և չեն հստակեցրել, թե ինչ փոփոխված դիրքերի պարագայում է Ա. Զադոյանը հետնամասից հրազենային վնասվածք ստացել: Այդ ամենը, պաշտպանի խոսքով, ի չիք են դարձնում փորձագետի եզրակացությունը:
Ինչպե՞ս են փորձագետները եզրակացրել, որ Զադոյանը բութ հարվածներն ու կողոսկրի կոտրվածքը հնարավոր է ստացած լինի մեքենայի մեջ՝ Կ. Կարապետյանի նշած հանգամանքներում, երբ ինքը արնաշաղախ գլխով իբր անցել է մեքենայի հետնամաս և գտնվելով վերևի դիրքում՝ ոտքերով ձեռքերով հարվածել Զադոյանի կրծքավանդակին և մարմնի այլ մասերին: Ինչպե՞ս են դա հնարավոր համարել, երբ փորձագետներին չի տրամադրվել մեքենայի չափերը, որից կերևար՝ 150 կգ-ոց տղամարդը կարո՞ղ էր այդ մեքենայի մեջ հետնամաս անցնել և հարվածել: Սիմոն Ամիրխանյանը նշեց, որ փորձագետի եզրակացությունը ողջամիտ կասկած է հարուցում, ինչի հետ կապված հետագայում միջնորդություն կներկայացնի, և միջնորդեց հայտարարությունը կցել գործին: Զադոյանը միացավ իր պաշտպանին հայտարարությանը:
Մեղադրող Կարեն Բիշարյանը նշյալ միջնորդության հետ կապված մի անհեթեթ միտք արտահայտեց. նշեց, որ թեև դատարանը պաշտպանական կողմին հնարավորություն տվեց հայտարարությամբ հանդես գալու, բայց առարկում է, որ այն կցվի գործին: Կ. Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն էլ խնդրեց վերադարձնել հայտարարությունը:
Դատավորը արդարացիորեն հակադարձեց մեղադրողին, որ գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար դատարանը չի կարող պաշտպանական կողմին զրկել ապացույցների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու իրավունքից:
Հետո սկսեցին զննել իրեղեն ապացույցները, հագուստները, որտեղ երկու կարևոր հանգամանք ի հայտ եկավ: Դրանցից մեկը Օնիկ Հովհաննիսյանի ձեռքերի վրայից կրակոցի արգասիքների նմուշառման իրեղեն ապացույցն էր: Պաշտպանը հայտարարեց, որ այդ ապացույցը չի հետազոտվել: Դատավորն էլ հարցրեց մեղադրողին՝ դա մեղադրանքի մեջ արտացոլված չէ՞, մեղադրողը դա հաստատեց:Դատարանը նշեց, որ հետո կհետազոտվի:
Այս կարևոր ապացույցով կպարզվի՝ Օնիկ Հովհաննիսյանը օդ կրակե՞լ է, թե՞ ոչ: Եթե նրա ձեռքերի վրա կրակոցի արգասիքներ չհայտնաբերվեն, ապա կստացվի, որ 5 կրակոցն էլ արձակել է պատգամավորը, ինչը ոչ մի կերպ չի կարելի համարել ինքնապաշտպանություն: Ընդհակառակը՝ նա պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից և պատժվի դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:
Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն էր, որ Ա. Զադոյանի սվիտրի առաջամասում արյան հետքեր չկային: Դա նշանակում է, որ Կարոն մեքենայի մեջ չի հարվածել Ա. Զադոյանին, այլապես վերջինի հագուստի առաջամասը արյունոտված կլիներ Կարոյի գլխից հոսող արյունից:Այսինքն հաստատվում է Զադոյանի ցուցմունքը, որ դրսում՝ ստացած վնասվածքներից հետո, երբ ինքը ընկած է եղել գետնին, պատգամավորը և նրա եղբայրն են ձեռքերով, ոտքերով հարվածել իրեն, ինչի հետևանքով էլ կողոսկրերի կոտրվածքներ ու սալջարդ վնասվածքներ է ստացել:
Սա էլ պատգամավորին /եղբորը՝ ևս/ մեղադրանք առաջադրելու առանձին հիմք է:
Ս. Ամիրխանյանը գործի մեջ առկա այլ՝ ամբաստանյալի կարգավիճակը բարելավող, մեղադրանքը հերքող ապացույցները հրապարակելու անհրաժեշտություն տեսավ՝ նշելով դրանց ցանկը: Նշեց, որ օրինակ դատաբժշկական փորձաքննության մեջ կողոսկրի 4 կոտրվածքները դարձրել են 1 կոտրվածք և այլն:
Մեղադրողն առարկեց Օնիկ Հովհաննիսյանի կրակոցների արգասիքները հետազոտելու մասով: Կրոմվել Գրիգորյանը՝ ևս: Վերջինը նաև նշեց, որ այդ փաստաթղթերը կապ չունեն մեղադրանքի հետ, քանի որ Օնիկի վերաբերյալ քրգործ չկա:
Ս. Ամիրխանյանն էլ առարկեց՝ ինչպե՞ս չունի, երբ Օնիկի ձեռքերից կրակոցների արգասիքների նմուշները վերցվել են չթի կտորով, բայց հետո դարձել են՝ մառլյա:
Դատարանն ամբողջությամբ բավարարեց միջնորդությունը:
Պասերով խաղը՝ հանուն պատգամավորի
Պաշտպանը նաև հրապարակեց հարցման մի պատասխան, ըստ որի սոցապ նախարարությունից տեղեկացրել են, որ փաստաբան Վահագն Բաբայանը /ով մեղադրանքի կողմի ՛՛կարևոր՛՛ վկաներ Ռոբերտ Մովսիսյանի և Էդուարդ Թարվերդյանի պաշտպանն է եղել գործի գլխիվայր շուռ տալուց հետո / 01.09.2007-ից մինչև 2014-ի մայիս ամիսը աշխատել է ՛՛Կրոմվել Գրիգորյան՛՛ ՍՊԸ փաստաբանական գրասենյակում: Պաշտպանը խնդրեց դատարանին՝ դա ևս կցել գործին: Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը խնդրեցին պատճառաբանել: Պաշտպանն էլ ասաց, որ միասին աշխատող երկու փաստաբանները տիրապետելով գործի ամբողջական տվյալներին՝ գործը տարել են Կ. Կարապետյանին ձեռնտու ուղղությամբ: Պաշտպանն այն կներկայացնի հաջորդ նիստին՝ պատճառաբանության հետ միասին:
Պաշտպանը մի կարևոր հայտարարություն էլ արեց. Ա. Զադոյանի և Էդ. Թարվերդյանի առերես հարցաքննությունից հետո, երբ Զադոյանն ու պաշտպանը հեռացել են ՀԿԳ քննիչ Մուրադյանի մոտից, Թարվերդյանի ցուցմունքը լրացվել է, ինչը վկայում է քննիչի կողմից պաշտոնեական կեղծիքի մասին, և այդ հիմքով ԱԱԾ-ում հարուցված քրգործ կա ու դեռ ավարտված չէ: Պաշտպանը խնդրեց այդ հայտարարությունը ևս կցել գործին, սակայն դատավորը նշեց, որ այդ գործով դատական ակտ չկա:
Մինչդեռ դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ եթե նույնիսկ չկա դատական ակտ, գոնե այս պահի դրությամբ կա մեղադրական կողմի համար ՛՛կարևոր՛՛ 2 վկաներից մեկի հարցաքննության անարժանահավատության հարց՝ չփարատված կասկած, որը վերը նշված հանգամանքների համակցությամբ միանշանակ խոսում է ամբաստանյալ ճանաչված Արթուր Զադոյանի արդարացման օգտին: Եթե մի քիչ էլ հետազոտենք ապացույցները, ապա կհաստատվի պատգամավորի մեղադրանքը:
Էլմիրա Մարտիրոսյան` http://lakmoes.am/