Անծանոթները քիչ առաջ Կապանում կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ, հայտնում է «Փաստինֆո» իրավական լրատվության գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի տուժել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը:
Սյունիքի` սկանդալային հեղինակություն ունեցող մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին այդ պաշտոնում է նշանակվել 2014 թվականի սեպտեմբերի 25–ին ավելի քան մեկ տարվա հրաժարականից հետո։
Խաչատրյանը հրաժարական էր տվել 2013 թվականի հունիսի 6–ին։ Պատճառ է դարձել հունիսի 1–ին Գորիսում նրա տան մոտ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել է։ Վիրավորվել է նաև մեկ քաղաքացի։
Մարզպետի որդուն և թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 4–ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով (սպանություն, որը կատարվել է բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր ձևով, զենքի անօրինական ձեռքբերումը կամ կրումը, ինչպես նաև այլ մարդուն կյանքի համար վտանգավոր վնասվածք հասցնելը), նրանց կալանավորվել են երկու ամսով։ Ավելի ուշ նախկին մարզպետի որդին և թիկնապահն ազատվել են կալանքից։ Նրանց դեմ հարուցված քրեական գործերը դադարեցվել են։
Սակայն օրեր առաջ ԶԼՄ–ները հայտնել են դաժան ծեծկռուքի մասին, որին մասնակցել է մարզպետի որդին։ Քաշքշուկի մասնակիցներից մեկը ծանր վերքեր է ստացել։