Այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազության գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց «Մարտի 1-ի» գործի ընթացքի մասին.«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված իմ ձեռքին է ձեր բոլոր խոստումները: Դուք մեր հանդիպման ժամանակ խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի, մեր հանդիպումից վեց ամիս անցել է խնդրում եմ ասեք` ի՞նչ փուլում է գործը»:
Կոստանյանն արձագանքելով Մանուկյանին, ընդունեց, որ խոստացել է ամեն ինչ անել, որ «սայլը տեղից շարժվի»: Բայց նաև նկատեց. «Նաև ասել եմ, որ սայլի շարժումը տեղից կարող է հասարակության համար տեսանելի չլինել, նախաքննական գաղտնիությունը ապահովելու համար տեղեկատվություն տրամադրելը քրեական գործի շահերից չի բխի»:
Կոստանյանը ընդգծեց, որ ոչ նախաքննական մարմինը և ոչ էլ դատախազությունը նախաքննության շահերից ելնելով, նպատակահարմար չեն համարում քրեական գործի մասին տեղեկատվություն տրամադրել:
«Յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունը պետք է կոնկրետ դեպքում հասկանան, պարոն Մանուկյան: Առավել ևս, որ տուժողների իրավահաջորդները, եթե հիշում եք, այնպիսի տեղեկատվություն էին ներկայացնում, որ ես հանձնարարում էի սկսել հենց դրանից: Ես հետևում եմ` տուժողի իրավահաջորդները դուրս են գալիս հայտարարում են, թե ցուցմունք վերցրին ու վերջ, այդպես չի, ուղղակի տուժողի իրավահաջորդները չգիտեն գործողությունների հաջորդականության մասին», -հայտարարեց Կոստանյանը: