Իրավական 

Ռումբի մասին կեղծ ահազանգ տված ԵՊՀ եւ ՀՊՄՀ ուսանողները պետք է պատժվեն. մեղադրող

analitik.am

Մարտի 19-ին, Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգ տալոււ մեջ մեղադրվող ուսանողների մեղավորությունը հաստատված է գործում առկա ծանրակշիռ հանգամանքներով:


Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր մեղադրական ճառում ասաց մեղադրող Արթուր Մանուկյանը՝ պահանջելով ամբաստանյալներին մեղավոր ճանաչել եւ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները նրանց ենթարկել միայն վարչական տուգանքի:



Մեղադրողը պահանջեց ամբաստանյալ Արամ Հայրյանից գանձել տուգանք` նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով, եւ ամբաստանյալՍուսաննա Մնացականյանից` 250-ապատիկի չափով:



Մեղադրողը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց այն, որ ամբաստանյալներն օգնել են հանցագործության բացահայտմանը, նախկինում 2-ն էլ դատապարտված չեն եղել, բացի այդ նրանց արարքը հանրային մեծ սպառնալիք չի ներկայացրել:



Դատարանում նաեւ հրապարակվեց գործով ամբաստանյալ Սուսաննա Մնացականյանի հոր՝ Արմեն Մնացականյանի նախաքննական ցուցմունքը, որում վերջինը նշել է, որ իր դուստրը ռումբի մասին կեղծ ահազանգ է տվել իր ընկեր Արամ Հայրյանի խնդրանքով։



«Աղջիկս զանգեց, ասեց, որ իրեն նախորդ օրը տարել են ոստիկանություն, քանի որ ինքը Արամի խնդրանքով զանգել է ոստիկանություն եւ ռումբի մասին կեղծ հաղորդում է տվել։ Արամը աղջկաս խնդրել էր դա անել, որպեսզի հայրը չգա ԵՊՀ եւ չիմանա իր վատ առաջադիմության մասին, քանի որ առողջական խնդիրներ ունի, կարող է վատանալ։ Աղջիկս ընկերոջ խնդրանքն է արել, թե չէ նման բան չէր անի»,- ցուցմունքում նշել էր Արամ Մնացականյանը։



Ամբաստանյալները հրաժարվեցին վերջին խոսքով հանդես գալ: Դատական վերջին նիստը կկայանա հունիսի 9-ին:



ԵՊՀ ուսանող Արամ Հայրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել և համոզելու, խնդրելու միջոցով դրդել է իր ծանոթ Սուսաննա Մնացականյանին` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու:



Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Սուսաննա Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել:



Հիշեցնենք, որ մարտի 19-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում պայթուցիկ սարք է տեղադրված: Ահազանգը կեղծ էր եղել, ռումբ չէր հայտնաբերվել:

Նույն շարքից