Իրավական 

Հարուցվել է քրեական գործ՝ գազալցակայանում տեղի ունեցած դեպքի առթիվ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու դեպքի առթիվ։

 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ 

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 16կմ-ի աջակողմյան հատվածում՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում, ժամը 09։30-ի սահմաններում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչն առաջացրել է պայթյուն։ 

 

Բռնկված հրդեհի հետևանքով գազալցակայանում գտնվող Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արմեն Հակոբի Հակոբյանը և Արթուր Գասպարյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։ Վնասվել է նաև գազալցակայանի մոտակայքում կայանված «Ֆոլցվագեն Տուարեգ» ավտոմեքենան: 
Նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից