Իրավական 

Անպատժելիության մթնոլորտը պարարտ հող է ստեղծում հետագա հանցագործությունների համար․ Հայկ Ալումյանը՝ Սյունիքի դեպքերից

analitik.am

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսին, մինչ կներկայացներ Բուդաղյանների գործի ընթացքը, անդրադարձավ նաև Սյունիքում տեղի ունեցող նոր գործընթացներին, բայց ոչ որպես Բուդաղյանների փաստաբան՝ շեշտելով, որ իրենք գործի հետագա ընթացքը տեսնում են անկախ այս հաջորդող դեպքերից:



Նա հայտարարեց, որ որոշ մարդկանց համար անմեղության կանխավարկածը փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով: «Ինչ-որ տեղ այս իրադարձությունները  կանխատեսելի էին, երբ Սյունիքում երկու երիտասարդի ծեծը տեղի ունեցավ, ոչ թե որ Տիգրան Խաչատրյանի մասնակցությունն էր կանխատեսելի, այլ այն, որ անպատժելիության մթնոլորտը պարարտ հող է ստեղծում հետագա հանցագործությունների համար, իսկ որ դա կա բոլորս ենք տեսնում»,- ասաց նա և հայտարարեց, թե Սյունիքում հաճախ ենք տեսնելու նման դեպքեր, մինչև այն ժամանակ, երբ  մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության:  

 

 

Անդրադառնալով արդեն 2013թ-ի հունիսի 11-ի դեպքին, Բուդաղյանների փաստաբանը նշեց, որ ներկա պահին գործերը քննվում են երեք տարբեր մարմիններում. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի գործը, Արաբկիրի դատարանում՝ իրենց բողոքների հիման վրա և երրորդն արդեն Եվրոպական դատարանում է, որտեղ գործը քարտուղարությունը գրանցել է իրենց գանգատների հիման վրա:

 

 

Ալումյանը նշեց, թե գործում եթե ոչ կեղծիքներ, ապա բազմաթիվ նոր խախտումներ են  հայտնաբերվել, մասնավորապես նշեց, թե քրեական գործի համար դատարանը հրավիրել է գործը քննած երկու քննիչի: «Իսկ գիտե՞ք, որ քննիչները կարող են հրավիրվել, եթե խախտումներ են եղել: Դատարանն արձանագրել է, որ խախտումներ են եղել, իսկ ես հակված եմ, որ դրանք ոչ թե խախտում են, այլ կեղծիք, իսկ պարզաբանելու համար մենք ավելի շատ խճճվեցինք նրանց տարօրինակ ցուցմունքների պատճառով»,- ասաց նա:

 

 

Փաստաբանը նկատեց, թե ԱԱԾ-ն պարտավոր էր գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսահամարների հեռախոսային խոսակցությունների  բովանդակությունը 30 օրվա ընթացքում: «Նյութը գործից անհետացել էր, փոխարենը հայտնվել էր քննիչի կողմից տեղեկանք, իբր ԱԱԾ-ում իրեն բանավոր հայտարարել են, թե տեխնիկապես հնարավոր չէր եղել, ինչը կեղծիք էր»,- ասաց նա:



Իսկ որ գլխավոր դատախազն ասում էր, թե գործի համար դա նշանակություն չունի, փաստաբանը նշեց, որ անտրամաբանական է, քանի որ եթե նրա քննիչը միջնորդել էր, որ նշանակություն ունի, իսկ դատավորն էլ համարել էր, որ կունենա ու թույլտվություն էր տվել: «Միգուցե լսել է ինքը, և հիմա ասում է, որ գործի համար նշանակություն չունի: Ես համարում եմ, որ նշանակություն ունեցող նյութ եղել է, որը հետո հանել են, եթե չունենար, կարիք չէր լինի գործից հանել»,- ասաց նա:



Հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանի վրա կրակոցների համար Բուդաղյանների նկատմամբ կասկած չկա, փաստաբանը նշեց, թե Բուդաղյաններն ընտրել են օրենքի ճանապարհը՝ չնայած  ունենալով բոլոր հնարավորությունները այլ ճանապարհով գնալու:



Իսկ հարցին,թե ինչպես է եղել, որ 20 կրակոցից ոչ մի գնդակ չէր կպել Սուրիկ Խաչատրյանին, Ալումյանը պատասխանեց . «Տարօրինակ է, որ այդքան կրակոցներից հետո որևէ մեկին վնաս չի պատճառվել: Եթե այդ դեպքը չլիներ, մամուլի քննարկվող ինֆորմացիան ո՞րը պետք է լիներ, իհարկե  Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ դեպքը, հիմա այդ դեպքը  փոքր-ինչ շեղել է հասարակության ուշադրությունը Տիգրան Խաչատրյանի դեպքից»:
 

Նույն շարքից