Իրավական 

Էջմիածնի գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացավ

analitik.am

Այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնում այսօր մահացավ նախկին պատգամվոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը: Լուրը հաստատեցին առողջապահության նախարարությունից:

 

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի եղբայրը, որդին ու ևս մեկ տուժած Այրվածաքաբանության գիտահետազոտական կենտրոն էին տեղափոխվել մայիսի 26-ին Էջմիածնում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո:

 

Այժմ Հակոբյանի որդու՝ Արմեն Հակոբի Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր, իսկ գազալցակայանի աշխատակցի՝ Արթուր Գասպարյանի վիճակը՝ բավարար:

 

Նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

 

Գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների թիվն ավելացել է: Նախորդ տարվա ընթացքում գազալցակայաններում տեղի է ունեցել պայթյունի երեք դեպք, որոնք կազմել են ընդհանուր պայթյունների թվի 12 տոկոսը:



Այս տարվա հինգ ամիսների ընթացքում գազալցակայաններում գրանցվել է պայթյունի չորս դեպք, ունենք երկու զոհ, չորս տուժած: Ընդհանուր պայթյունների թվում այս դեպքերը կազմում են 40 տոկոսը:

Նույն շարքից