Մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ Եվրոպայում ամենից երկար ապրում են ֆրանսիացիները:
Ինչպես ներկայացնում է Комсомольская правда-ն՝ ֆրանսիացիները չեն գիրանում և չեն ծերանում մինչ 80 տարեկանը՝ չնայած այն հանգամանքին, որ տանել չեն կարողանում տարատեսակ դիետաներն ու յուղազրկված սնունդը: 2009-2012 թվականների տվյալներով՝ Ֆրանսիան հայտնվել է երրորդ տեղում՝ ողջ աշխարհում սրտի հիվանդություններից և կաթվածից մահացության դեպքերի ամենացածր մակարդակով:
Գիտնականները սա «ֆրանսիական պարադոքս» են անվանում: Ըստ նրանց՝ ֆրանսիացիների երկարակեցության և առողջության հիմքում ոչ միայն կարմիր գինին է, այլև՝ զուտ ֆրանսիական արտադրության ռոկֆոր տեսակի պանիրը:
Քեմբրիջյան համալսարանի և սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի Եվրոպական խմբի գիտնականները պարզել են, որ կապույտ և երկնագույն շերտերով պանիրներն ունեն հզոր հակաբորբոքային հատկություններ: Հետազոտողները պարզել են, որ պանրի այդ հատկությունն ամենից լավ դրսևորվում է ստամոքսի լորձաթաղանթում և արյունատար անոթներում: