Անցյալ շաբաթ թուրք լրագրողների խմբի հետ Հայաստան այցելած Քադրի Գյուրսելը «Միլլիյեթ» թերթում տպագրված իր հոդվածում խոսել է 1915-ի իրողությանն առերեսվելու անհրաժեշտության, Թուրքիայի գործող իշխանության կեցվածքի և նախորդ իշխանությունների հետ համեմատության մասին:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Անհնար է չնկատել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարած Թուրքիայում Հայկական հարցի վերաբերյալ տեսակետը նախորդ Թուրքիայի համեմատ ավելի առաջ է:
Նախկին Թուրքիայի պաշտոնական գաղափարախոսությունը հետևյալն էր. «Մենք հայերին չենք կոտորել, նրանք են մեզ կոտորել», իսկ ԱԶԿ-ական Թուրքիան ասում է. «Մենք ընդունում ենք, որ հայեր են կոտորվել, սակայն նրանք էլ մեզ են սպանել»:
Եվ այդ ցավերը համեմատելու, «հավասարակշռելու» անունն «Արդար հիշողություն» են դրել:
«Արդար հիշողության» մասին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ապրիլի 22-ին թուրքական մի հեռուստաընկերությանն ասել է. «Պատմությունը մոխրագույն տարածք է, ճերմակ չէ: Մենք Թուրքիայում մեր պատմությանն առերեսվելու համար այլ կերպ սկսեցինք արտահայտվել: Այժմ ավելի հանգիստ ենք խոսում: Արդար հիշողություն է պետք: Բոլոր ցավերը կիսելով՝ մեկմեկու հասկանալ է պետք»:
Դավութօղլուի այս խոսքերի տակ մութ տեղեր կան:
Իրականում ԱԶԿ-ական իշխանությունը պատմության հետ ոչ մի անկեղծ առերեսման էլ չի գնացել: Պաշտոնական գաղափարախոսության «արդար հիշողություն» ձևակերպումն էլ անկեղծ չլինելը թաքցնելու համար է օգտագործվում:
Ցավը կիսելը նախապայմաններով կարո՞ղ է լինել:
«Եթե ուզում եք, որ մենք ձեր ցավը կիսենք, դուք էլ պետք է մեր ցավը կիսեք»… Վերը նշվածի ուղերձի իմաստը սա է:
«Արդար հիշողություն» ձևակերպման հետևում 1915-ի Օսմանյան կայսրության ժամանակ հայերի հանդեպ իրականացված մարդկության դեմ հանցագործությունը փորձում են Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական օրակարգում մտցնել:
«Արդար հիշողության» մասին Հայաստանում հայերի տեսակետն իմանալու հնարավորությունն ունեցա անցյալ շաբաթ՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով մի խումբ լրագրողների հետ Երևան այցելելու ընթացքում:
Թուրքերի ապրած ցավի մասին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին հարցրի: Դեմոյանի պատասխանը հետևյալն էր. «Ցեղասպանությունից հետո մարդիկ վրեժխնդրության նպատակով սպանել են: Բոլոր անմեղ զոհերն, անշուշտ, պետք է հիշատակվեն, սակայն իրականությունը չենք փոխի: Երբ սպանելու որոշումը կայացնում է պետությունը, դա մյուսի հետ չես համեմատի»:
Թուրքիան 1915-ին հայերի հանդեպ կատարված այդ մեծ վատությանը քանի դեռ չի առերեսվել, իր հավաքական խղճի հետ չի հաշտվել, այդ աղետին այլ վատություններ են հետևում: Այդ վատությունների զոհերն էլ միշտ երկրի փոքրամասնություններն են:
1934 թվականին՝ Թրակիայում հրեաները, 1938-ին Դերսիմում՝ ալևիները, 1955-ին հույների գլխավորությամբ այլ կրոնական փոքրամասնություններ, 1978-ին Մարաշի կոտորածների ընթացքում ալևիները, 1993 թվականին Սըվասում դարձյալ ալևիները, 2012-ին քրդեր…
Այդ վատությունները կանխելու ամենակարևոր ճանապարհն այդ վատությունների մայրը համարվող 1915-ի իրողությանն անկեղծորեն առերեսվելն է: Առերեսվելը միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ չպետք է սահմանափակվի: Հասարակության խղճին հասնելու համար 1915-ին տեղի ունեցածն ազատ միջավայրում պետք է ուսումնասիրվի ու քննարկվի: Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների պետք է կարգավորվեն, հարցը պետք է ներառվի դասագրքերում, և այս հողերում հին հայերի մշակույթը պետք է վերակենդանանա, որպեսզի համատեղ ապագան ապահովագրվի:
Խիղճ չունեցող հիշողությունն արդար լինել չի կարող»: