Սանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժան Ժակ Ռուսո (1712-1778), ֆրանսիացի գրող և փիլիսոփա
Ախտորոշում: Պարանոյա:
Ախտանշաններ: Հետապնդման մոլուցք:
Հիվանդության պատմություն: Եկեղեցու և կառավարության հետ գրողի տարաձայնությունների հետևանքով (1760-ականների սկիզբ, «Էմիլ կամ Դաստիարակության մասին» գրքի լույսընծայումից հետո) առաջացած կասկածամտությունը, որն ի սկզբանե բնորոշ էր Ռուսոյին, ձեռք բերեց ծայրաստիճան ցավագին ձևեր: Նրա աչքին ամենուրեք դավադրություններ էին երևում, նա թափառաշրջիկի կյանք էր վարում և ոչ մի տեղ երկար չէր մնում՝ ենթադրելով, որ իր բոլոր ընկերներն ու ծանոթներն իր դեմ դավեր են նյութում կամ էլ իրեն ինչ-որ բանում կասկածում են: Օրինակ մի անգամ Ռուսոն որոշեց, որ այն ամրոցի բնակիչները, որտեղ նա հյուրընկալվել է, կարծում են, թե ինքն է թունավորել մահացած ծառային և պահանջեց, որ հանգուցյալին հերձեն:
Աշխարհին նվիրած գաղափարներ: Մանկավարժական բարեփոխում: Երեխաների դաստիարակության վերաբերյալ ժամանակակից ձեռնարկները շատ կետերով կրկնում են «Էմիլին»՝ դաստիարակության կոպիտ մեթոդի փոխարեն Ռուսոն առաջարկում էր խրախուսման ու փաղաքշանքի մեթոդը, նա ենթադրում էր, որ երեխային պետք է ազատել չոր փաստերի մեխանիկական ընկալումից և ամեն ինչ բացատրել կենդանի օրինակներով՝ սպասելով մինչև նա հոգեպես պատրաստ լինի նոր տեղեկությունն ընկալելուն: Մանկավարժության խնդիրը, ըստ Ռուսոյի, բնության օժտած տաղանդների զարգացումն է: Գրական հերոսի նոր տեսակ և գրական նոր ուղղություններ: Ռուսոյի երևակայությունից ծնունդ առած հիասքանչ արարածը՝ բարեսիրտ «վայրենին», ով առաջնորդվում է ոչ թե գիտակցությամբ, այլ զգացմունքով (բայց վեհ զգացմունքով) հետագայում զարգացավ, աճեց և ծերացավ սենտիմենտալիզմի և ռոմանտիզմի շրջանակներում: Իրավական ժողովրդավարական պետության գաղափարը, որն ուղղակիորեն բխում է «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» ստեղծագործությունից: Հեղափոխության գաղափարը (հենց Ռուսոյի գաղափարներով են ոգեշնչվել Ֆրանսիական մեծ հեղափոխության՝ հանուն գաղափարների պայքարող մարտիկները, բայց ինքը Ռուսոն, որքան էլ հակասական լինի, երբեք արմատական մեթոդների կողմնակից չի եղել):