Երեկ Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի մամուլի խոսնակն ավետեց, որ աշխարհի ամենախելացի և քչախոս մարդկանցից մեկը, հայազգի մեծ բարերար Գռզոն իր հերթական բիզնես-հսկա միտքն է երկնել: Ասում են՝ Սթիվ Ջոբսը կենդանության օրոք փորձի փոխանակման նպատակով ամեն կերպ փորձել է հանդիպել այս ֆենոմենալ խելքի տեր գործարարի հետ, սակայն ավաղ Սթիվը հեռացավ այս աշխարհից մուրազը փորում:
Կարծում ենք՝ Սթիվին հետաքրքրում էր, թե ինչպես է իր կյանքում միայն վարձով տարածք տվող և վարձակալներից փող հավաքող մարդը ներկայանում լուրջ բիզնես ստրուկտուրայի հիմնադիր: Եթե Ջոբսն ու Գեյթսը միայն իմանային այդ հնարքի գաղտնիքը, ապա իզուր չէին հիմնադրի Apple ու Microsoft ընկերությունները: Փոխարենն այդ գործարանները տոնավաճառներ կսարքեին ու վարձով կհանձնեին ամերիկացիներին:
Իսկ եթե լուրջ, ապա համարենք, որ մեր խմբագրությունը մեծն գործարարին խորհուրդ տալու հնարավորություն ունի՝ հորդորում ենք առնվազն մոտակա մեկ ամիսը Գռզոյին ձեռնպահ մնալ ԶԼՄ-ներով հսկայական փուչիկներ փչելուց, քանզի այս օրերին Գռզո բարոյահոգեբանական դրամայի ռեժիսոր Վանո Սիրադեղյանի որդին համազգային դրամահավաք է իրականացնում՝ ոտքի վիրահատության նպատակով: Այո, ոտքի վիրահատությունը Գռզոյի բիզնես ստրատեգիայի մեջ չի մտնում:
Փոխարենը՝ մայրաքաղաքում (իսկ մեր համոզմամբ միայն Գռզոյի ուղեղում, որովհետև նման ամպագոռգոռ ծրագրերը Գռզոն երկրի ղեկավարության աչքին հայրենասերի թոզ փչելու համար է անում) վեր կխոյանա դուդուկի տեսքով հյուրանոցը, որի տարածքը Quinburger-ը կառուցելու համար Գռզոին տվել էր նույն Վանո Սիրադեղյանը: Ճակատագրի հեգնանքով Վանոյի տղան այժմ վիրահատության փող չունի, իսկ Վանոյի ուրախ տարիներին նրա ընտանիքի բարեկամ ներկայացողն այսօր Վանոյի տարածքներում ողորկ ու գլանաձև հյուրանոցային նախագծեր է իրականացնում՝ ընդլայնելով ապագա վարձակալների քանակը:
Հ․Գ․ Նախկինում Տիգրան Սարգսյանին մեծ ռեֆորմատոր անվանող Գռզոն այսօր ամենուր ներկայանում է Հովիկ Աբրահամյանի մտերիմ և իր շրջապատում բոլորին համոզում է, որ երկրի տնտեսությունը զարգացնելու ներուժ ունի միայն Հովիկ Աբրահամյանը: Ինչևէ կարծում ենք, մեզ բոլորիս ուրախ օրեր են սպասվում:
Շարունակելի