Վերլուծական 

Բուրգի գործով տուժածներին վերջնականապես քցում են դատարանի միջոցով

 

Մի քանի օր առաջ  տեղի ունեցավ հանրահայտ ֆինանսական բուրգի գործով հերթական նիստը:


 Պետք է պաշտպանական ճառով հանդես գար ամբաստանյալի պաշտպանը, սակայն զարմանալին այն էր, որ պաշտպանը դատարան էր նեկայացել ձեռքի տակ չունենալով ոչ մի փաստաթուղթ՝ անգամ պաշտպանական ճառը, մինչդեռ  պաշտպանական ճառին պատրաստվելու համար բավականին երկար ժամանակ էր խնդրել դատարանից՝ պատճառաբանելով, որ նյութերը ծավալուն են և պաշտպանական ճառն էլ բնականաբար ծավալուն կլինի: 


 Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը վերսկսեց դատաքննությունը:Մի պահ բոլորը զարմացան,սակայն ընթացքում պարզ դարձավ  և վերսկսման բուն պատճառը, և ամբաստանյալի պաշտպանի դատարկ ձեռքերով դատարան գալը:


Իսկ պատճառը՝ մոտ 1.000.000 ԱՄՆ դոլար արժողությամբ  ամբաստանյալի հափշտակած գույքն էր:


Պարզվում է, որ գործով նախաքննության ժամանակ որպես վկա հարցաքննվել են Սարգիս և Ասյա Գևորգյան ամուսինները,որոնք փոխառությամբ 36.000.000 ՀՀ դրամ գումար են տվել Ա.Անդրեասյանին ,իսկ  վերջինս խարդախությամբ, առանց գումար վճարելու տուժողներից մեկի մոտից իր բնակարանը  ազատել է գրավից  և գրավադրել  Ասյա Գևորգյանի մոտ:


Ի դեպ,  ծանոթանալով քրեական գործի նյութերին,նույն ամբաստանյալի և իր հարազատների ցուցմունքներին, պարզ է դառնում,որ ամբաստանյալը կամ իր ընտանիքը,երբ նախկինում ունեցել են գումարային այլ խնդիրներ,միշտ շուտափույթ կերպով իրենց գույքերը գրավադրել են նույն Ասյա և Սարգիս Գևորգյանների մոտ՝ համենայն դեպս նմանատիպ գործարքների թիվը նրանց միջև հասնում է տասնյակի:


Մի խոսքով ,երբ ամբաստանյալը հասկացել է,որ իր պարտքերի դիմաց կարող է իր գույքերը կորցնել,այն ապահովագրել է՝  գրավադրելով Ասյա և Սարգիս Գևորգյանների մոտ:


Զարմանալին այն է,որ այս անձիք քրեական գործով դատակոչված չեն,դատարանում վկայություն չեն տվել և հատուկ նրանց համար Նախագահող դատավորը նիստը վերսկսեց, որպեսզի 1.000.000 ԱՄՆ դոլար հափշտակած ամբաստանյալի գույքը արգելանքից հանի և տա Ասյա և Սարգիս Գևորգյաններին:

 

Զարմանալի էր նաև մեղադրող դատախազի դիրքորոշումը՝ վերջինս չառարկեց ամբաստանյալի գույքն արգելանքից ազատելու միջնորդությանը:


Այս դիրքորոշումը բուռն արձագանքի արժանացավ տուժողների կողմից՝ վերջիններս չէին կարողանում հասկանալ,որ եթե ամբաստանյալի սեփականությունն իրենց քթի տակից տանում են,ապա ո՞վ պիտի հատուցի իրենց գումարները:


Տուժող Էդվարդ Ներսիսյանը, հավանաբար կանխազգալով ինչ է կատարվելու, իր քաղհայցով խնդրել էր բռնագանձում տարածել ամբաստանյալի գույքի վրա,նույն պահանջով էլ հանդես եկավ մյուս տուժող Գ.Թադևոսյանը:


Տուժող Ա.Գալստյանի   ներկայացուցիչն առարկեց՝ նշելով ,որ ամբաստանյալի Փափազյան 11/60  բնակարանը ընդգրկված է մեղադրանքի ծավալում և հանդիսանում է խարդախության  դրվագ:

 

 

Այստեղ նախագահող դատավորի պատասխանը և մեղադրողի լռությունը ապշեցրեցին բոլորիս:


Դատավորը հայտարարեց,որ նման դրվագ մեղադրանքի ծավալում չկա,մեղադրողն էլ իր լռությամբ հաստատեց:


Ստորև ներկայացնում ենք ՀՔԾ-ի քննած, մեղադրական եզրակացությունից մի հատված`



«...Հիշյալ գումարները ստանալու և հափշտակելու ժամանակահատվածում Արթուր Անդրեասյանն իր նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար 2010թ. հուլիսի  27-ին փոխառության և հիփոթեքի պայմանագրեր է կնքել Տուժող Ա.Գ-ի կնոջ՝ Վ.Գ-ի հետ՝ որպես  «փոխառություն» ստացած 48 մլն ՀՀ դրամի  (100.000 եվրո) վերադարձելիության ապահովման միջոց՝ նրա մոտ գրավադնելով իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Փափազյան փող. 11-րդ շենքի 60-րդ բնակարանը: Հանցավոր դիտավորության համաձայն Արթուր Անդրեասյանը, 2012թ. օգոստոսին Ա.Գ-ի մոտ խղճահարություն առաջացնելով, խաբեությամբ նրան վստահեցրել է, թե հոր՝ Վասիլ Անդրեասյանի առողջական խնդիրները  կապված են այն բանի հետ, որ իրենց բնակարանը՝ «օթևանը», գրավադրված է: Համոզել է, որ բնակարանը գրավից ազատելու հանգամանքը հոգեբանորեն բարենպաստ կազդի հոր առողջական վիճակի վրա: Նույն ամսին Ա.Գ-ն բնակարանն ազատել է գրավից: Արթուր Անդրեասյանն ընդամենը 2 ամիս անց բնակարանը գրավադրել է Ասյա Գևորգյանի մոտ՝ վերջինից ստացած 36 մլն ՀՀ դրամի փոխառության դիմաց ...»

 

 

Փաստացի, ըստ դատավորի, եթե վերը շարադրածը   դրվագ չէ,ապա հարց է առաջանում , ՀՔԾ-ն ի՞նչ 48.000.000 ՀՀ դրամի մեղադրանք է առաջադրել ամբաստանյալին:   Ավելին,  եթե հիմա դատարանն ազատում է Անդրեասյանի գույքերը կալանքից, ապա ի՞նչ է մնում տուժողներին:


Համենայն դեպս,  դեռ ՀՀ Դատական պրակտիկայում նման դեպք չի եղել, որ քաղաքացիներից գումարներ հափշտակած անձի գույքը դատաքննության ընթացքում ազատեն արգելանքից և վերջինս սկսի տնօրինել այն:


Փաստացի, կարելի է ֆիքսել,որ այս գործով տուժողների վերջնական քցումը մտել է արդեն ավարտական  փուլ և փորձ է արվում ամբաստանյալի այն գույքերը,որը նա չեր հասցրել օտարել նախաքննության ընթացքում ,օտարել հիմա,և այս նպատակով էլ վերսկսեցին դատաքննությունը:


Այստեղ հարց է առաջանում,ովքե՞ր են Ասյա և Սարգիս Գևորգյանները,որոնց համար արվում է այս ամենը:Ըստ նախնական տվյալների,  նրանք փոխառությունով գումարներ ունեն տված քաղաքի մեծ մասին,և, այսպես ասած, այս բիզնեսի մեջ պտտում են Արաբկիրի դատարանի դատավորներից մեկի և էլի մի քանի խոշոր պաշտոնյաների փողերը:



Ավելի մանրամասն այս զույգի,նրանց հովանավորների և պաշտոնյա բիզնես պարտնյորների մասին կանրադառնանք հաջորդիվ:

Նույն շարքից