Վերլուծական 

Գյուտարար Խաչիկը

Հայտնի մի ասացվածք կա՝  ''Սուրբ տեղը թափուր չի մնում'': Այս տրամաբանությամբ էլ բարեգործական միջոցառումների էստաֆետը Ծառուկյան հիմնադրամից փորձում է վերցնել Խաչիկ Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն:


Օրերս նա այցելել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) և կրթաթոշակների անվան տակ Հայէկոնոմբանկի քարտեր բաժանել ուսանողներին: Գռզոն իհարկե, մեղմ ասած, հեռու է Ծառուկյանի ՛՛աղայությունից՛՛,  ուստի թե բաժանած գումարը, թե ուսանողների քանակը անհամեմատ փոքր էին: Դե Խաչիկի ձեռնփակության մասին Երևանով մեկ անեկդոտիկ պատմություններ են շրջում, որոնց հետագայում կանդրադառնանք մեր էջերում: Այժմ հասկանանք, թե  Գռզոյի բարեգործության խորքում ի՞նչ  զվարճալի հանգամանք է թաքնված:


Շատերը կհիշեն գյուտարար գորտի մասին սովետական մուլտֆիլմը: Այդ մուլտի հերոսն ամեն ինչից փորձում էր օգուտ քաղել՝ նույնիսկ իր հյուրերն էին իրենց կամքից անկախ աշխատանք իրականացնում գորտի օգտին, ինչը հանգեցրեց գորտի կատարյալ մեկուսացմանը: Երևի այդ մուլտը չափազանց լավ է տպավորվել Խաչիկի մտքում, որովհետև մանկությունից տարիներ անց նրա իրականացրած բարեգործության հիմքը հենց այդ մոտեցումը դարձավ:


Խաչիկը, ուսանողներին իր սեփական բանկի քարտերը բաժանելով, կարելի է ասել ոչինչ չի կորցնում, նույնիսկ շահում է: Նա այդ ուսանողներին դարձնում է իր բանկի հաճախորդներ: Պոլիտեխնիկի ուսանողները հետագայում  Հայէկոնոմբանկի քարտերով թեկուզ միայն աշխատավարձ ստանալով մի քանի տարում հետ կվերադարձնեն բարեգործ Խաչիկի նվիրաբերած գումարները: Ինչ վերաբերում է Հայէկոնոմբանկի աշխատանքի մասով գնահատական տալուն, ապա դա անշնորհակալ գործ է: Այն հաստատ ՀՀ լավագույն առևտրային բանկը չի: Այդ մասով ևս ներկայացնելու ահագին նյութ  կա արդեն:


Կարելի է ժպտալ Խաչիկի հերթական ՛՛շուստրիության՛՛ վրա ու անցնել առաջ, փաստելով, որ Ծառուկյանին, գոնե թե բարեգործությունների մասով,  դեռ երկար ժամանակ երանի  ենք տալու, քանի որ Ծառուկյանն  իր կատարած բարեգործության գումարների հետադարձ շրջանառություն չէր ակնկալում: Իսկ ՛՛Սուքիասյան՛՛ հիմնադրամին մաղթենք հաջողություններ ՛՛Ծառուկյան՛՛ հիմնադրամին նմանակելու գործում: Կից ներկայացնում ենք Գագիկ Ծառուկյանի 7 տարի առաջ ԵՊՀ կատարած այցը:






Հ.Գ. Նաև հիշեցնենք, որ այդ նույն ժամանակ Վանո Սիրադեղյանի որդին համացանցով գումար էր հավաքում ոտքի վիրահատության համար: Տեսնես որքա՞ն գումար փոխանցեց ՛՛Սուքիասյան՛՛ հիմնադրամը:

Նույն շարքից