Վերլուծական 

Քանի նախարարը Երիցյանն է, ՀՀ-ն արտակարգ իրավիճակի մեջ է

Մինչ ՏԿԱԻ նախարարը Ջոկոնդայի խորհրդավոր ու մեղմ ժպիտով հարցազրույցներ է տալիս, մեր երկրում մեկը մյուսի հետևից պայթում են գազալցակայանները՝  մարդկային զոհերի ու վիրավորների պատճառ դառնալով: Արմեն Երիցյանի խորհրդավոր ժպիտը քողարկում է նրա անգործությունն  այս բնագավառում: Գազալցակայաններում անվտանգության կանոններին համապատասխան աշխատանք հարկադրելը, ասում են, չափազանց շահավետ գործառույթ է:

 

Չար և տրամաբանորեն նախանձ լեզուները ասում են, որ բոլոր գազալցակայանների տերերը ամեն գնով փորձում են լեզու գտնել ԱԻՆ աշխատակիցների հետ: Թե որքանով է ստացվել նրանց մոտ լեզու գտնելը,  կարող ենք դատել վերջին 15 օրում իրար հաջորդած պայթյուններից: Մայիսի 14-ին ժամը 11-ի սահմաններում  Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի  ունեցավ  պայթյուն, ինչի հետևանքով աշխատակիցը մահացավ:

 

Մայիսի 26-ին` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի ունեցավ  պայթյուն: Մահացել է 1, ծանր վիրավորվել  է ևս 1 մարդ:

 

 

Մայիսի 30-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի գազալցակայանում տեղի  ունեցավ պայթյուն, կա տուժած:

 

 

Պարոն Երիցյան, այսօր ամեն երկրորդ ավտոմեքենան լիցքավորվում է գազալցակայանում: Պահանջում ենք, որ պատշաճ կերպով իրականացրեք ձեր գործառույթները՝ ապահովեք մեր բոլորիս անվտանգությունը, փոխանակ բարդ ստորադասական նախադասություններով հագեցած ու զվարճալի մամուլի հաղորդագրություններ տարածեք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքով: Եթե ոչ, ապա լուռ ժպտալով հեռացեք, որպես պաշտոնին անհամապատասխան մարդ: Ժամանակն է աշխատանքի ձևական, դերասանական հատվածից բացի, գործողություններ ակնկալենք  համապատասխան կառույցների ղեկավարներից:

Նույն շարքից