Գիտություն 

Գիտությունն էլ է վաճառվում

Այն, որ գիտությունը վաճառվում է, բազմիցս ահազանգել են հենց իրենք՝ գիտնականները: Գիտական աստիճաններից, մրցանակներից, դրամաշնորհներից մինչև ուսանողների գիտական աշխատանքներ (կուրսային աշխատանքներ, դիպլոմայիններ, թեզեր) իրենց գինն ունեն: Մանե Հարությունյանը (անունը փոխված է) գիտական աշխատանքներ է գրում, վաճառում: Երբ իրեն անձամբ են դիմում` ինչ գին ուզում, ասում է, բայց երբ համագործակցում է ինտերնետ ակումբների հետ, ապա էջը երկու հարյուր դրամով է գրում, որի երեսուն տոկոսը «գործատուինն» է:


«Ամբողջ աշխարհում է այդպես, երգ են գրում, ուրիշի անունն է տակը գրվում: Դու չես գրի, ինչ-որ մեկը կգրի: Փողս չէր հերիքում, ես էլ ազատ ժամանակ շատ

 ունեի, բացի այդ, գրիչով վաստակած գումարն ուրիշ է»,- արդարանում է Մանեն: ԵՊՀ-ի դասախոս Մարինե Մանուկյանը թեկնածուական ատենախոսությունը գրելու ընթացքում համացանցում նյութեր փնտրելիս հանդիպել է դեպքերի, երբ որոշակի գումարի դիմաց առաջարկում են աշխատանքներ: «Զուտ հետաքրքրության համար մի երկու այդպիսի կայք այցելեցի: Բայց ես ինձ թույլ չէի տա գիտական աշխատանքը փողով գնել: Հաճախ այդ առաջարկների

 հեղինակներն հայտնի չեն, հնարավոր չէ նրանց հետ կապ հաստատել: Բացի այդ իրավագիտության ոլորտում բարդ է, որովհետև ՀՀ օրենսդրությունը տարբերվում է այլ երկրների օրենքներից, անհրաժեշտ է ՀՀ օրենսդրության մանրակրկիտ ուսումնասիրություն:

Մյուս գիտությունների ոլորտում հնարավոր է»,- ասում է Մարինե Մանուկյանը: Ըստ իրավագետի` գիտական աշխատանքների վաճառքն արգելող օրենք չկա: Բայց հեղինակային իրավունքի տեսակետից` այդ աշխատանքները կարելի է օգտագործել միայն հեղինակների թույլտվությամբ: Եթե հեղինակը թույլ է տալիս օգտվել եւ դրա դիմաց ստանում է որոշակի հոնորար, ապա թույլատրվում է: «Որոշ ուսանողներ դիմում են նման մեթոդների և ուրիշի աշխատանքն են ներկայացնում սեփականի փոխարեն, բայց դա դասախոսների կողմից արագ կանխվում է, քանի որ անմիջապես հասկանալի է դառնում, հատկապես պաշտպանության ժամանակ, մի երկու հարցից արդեն պարզ է դառնում, որ նա ուսումնասիրություն չի կատարել»,- համոզված է Մարինե Մանուկյանը: Սակայն Մանե Հարությունյանն էլ փաստում է, որ իր համակուրսեցուն քառասուն հազար դրամով վաճառել է մագիստրոսական թեզ, դասախոսները ոչ մի կասկած չեն ունեցել, որ աշխատանքն իրենը չէ: Վաճառված թեզը գերազանց է գնահատվել, Մանեինը` լավ: Ավելին` այդ ուսանողն այսօր ասպիրանտուրայի հայցորդ է, Մանեն` ոչ:


 

Նույն շարքից