Հասարակություն 

BBC-ի հայ և թուրք լրագրողները մեկնել են Թուրքիա՝ իրենց պատմությունը «գտնելու» (տեսանյութ)

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր «Our World» («Մեր աշխարհը») հաղորդումներից մեկը նվիրել է Հայոց ցեղասպանության թեմային:

 

BBC-ի լրագրող Լարա Պետրոսյանի մեծ պապն այն քչերից է եղել, ով 1915թվականին փախել է և նոր կյանք սկսել արտասահմանում: Մեկ դար անց «Հիշելով հայերի կոտորածները» վերնագրված հաղորդման համար Լարան այցելել է իր հայ ընտանիքի՝ Թուրքիայում գտնվող ավերված բնակավայրը՝ պարզելու համար, թե ինչ է մնացել իր հայկական արմատներից: Նրան ուղեկցել է BBC-ի թուրք լրագրող Ռենգին Արսլանը, ով փորձել է հասկանալ, թե ինչու դպրոցում իրենց չեն պատմել Ցեղասպանության մասին: Լրագրողները միասին պարզել են, թե ինչ քիչ բան է մնացել հայկական մշակույթից և համայնքից: Իրենց ճանապարհորդության ընթացքում նրանք փորձել են ուսումնասիրել, թե արդյոք թուրք հասարակությունը պատրաստ է անկեղծորեն քննարկել իր անցյալը: Նրանք, հայտնաբերելով անցյալի մասին իրենց ընտանիքների չափազանց տարբեր վարկածները, փորձում են հասկանալ, թե ինչու է շարունակում այդքան բարդ մնալ կոտորածների պատմությունը պատմելը:

 

Լարա Պետրոսյանը մեկնել է Վան՝ պարզելու, թե ինչ է մնացել իր նախնիների և հայերի հետքից, մինչդեռ Ռենգին Արսլանն ուղևորվել է իր հայրենի բնակավայր՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել ժամանակին այնտեղ ապրող հայերի հետ:

 

Լարա Պետրոսյանն իր ճամփորդությունը սկսել է Աղթամար կղզուց և Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ նա հանդիպել է տեղի բնակիչներից մեկին: Լրագրողը նշում է, որ ժամանակակից Վանում որևէ հետք չկա, որ այստեղ ժամանակին հայեր են ապրել: Նա այցելել է հայերի թաղամասը, որտեղ այժմ միայն ավերակներ են, որոնց մեջ է հավանաբար գտնվում նաև իր արծաթագործ մեծ պապի խանութը, որը նա լքել է՝ 1915 թվականին փախչելով Վանից:

 

«Ոչինչ չի մնացել իմ ընտանիքի թաղամասից, ոչ մի հասցե, որ կարելի է գնալ, ոչ մի հարևան, որոնց հետ կարելի է խոսել, ոչինչ: Ասես մենք երբեք գոյություն չենք ունեցել այստեղ...»,- ասում է լրագրողը:

 

Այնուհետ Լարա Պետրոսյանն այցելել է Մուշ քաղաք, որն այսօր հիմնականում բնակեցված է քրդերով: Քաղաքում շատ քիչ հայկական շենքեր են մնացել: Նա փորձել է պարզել, թե արդյոք կան թաքնված հայեր, որոնք դեռ ապրում են այս մահմեդական քաղաքում: Նա այցելել է վերջերս բացված հայկական մշակութային կենտրոն, որի հիմնադիրը պատմել է, թե ինչպես է հայ լինելը նշանակել ապրել վախի մեջ:

 

Իսկ թուրք լրագրողն իր ճանապարհորդության ընթացքում հանդիպել է 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կոչել ցանկացող թուրք ակադեմիկոսներից մեկին՝ Չենգիզ Աքթարին, ով պատմել է, որ թուրք հասարակությունը վերջին տարիներին ավելի շատ է ցանկանում իմանալ Հայոց ցեղասպանության մասին և որ այս ամենը ժխտելու պետության ջանքերը տապալվել են:

 

«100 տարի է, ինչ իմ ընտանիքը հեռացել է այս հողերից: Չնայած, որ ժամանակ է անցել, ես զգում եմ, որ 1915 թվականի սարսափելի դեպքերը բաց վերք են մնում: Ես ապրում եմ՝ հույս ունենալով, որ մի օր այդ վերքը կբուժվի»,- հաղորդումը եզրափակել է Լարա Պետրոսյանը:

 

Նույն շարքից