Գիտություն 

Օմբուդսմենը հրապարակել է իր տարեկան զեկույցը. Կրթության ոլորտի թերացումները

analitik.am

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրապարակվել է իր տարեկան զեկույցը 2013 թվականի վերաբերյալ՝ արձանագրելով կրթության եւ գիտության ոլորտի թերություններն ու դրական զարգացումները:

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները.

•         Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը  117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:

•         Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը,  ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչեւ համալսարանից հեռացում:

•         Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաեւ տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:

•         Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաեւ որպես մասնակից եւ ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետեւանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:

•         Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:

•         Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝  լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:

•         Չեն բարեկարգվել Երեւանի եւ մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետեւանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:

•         Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետեւանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:

•         Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:

•         Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաեւ ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում:

Արձանագրված դրական զարգացումները

•         ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52  արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:

•         ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

•         ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական  հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության եւ գործածության երաշխավորման  կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

Նույն շարքից