Առողջապահություն 

Ըստ 40 տարվա տոքսիկոլոգի, բոլոր բուսակերները վաղուց պիտի երկաթի պակասից մեռած լինեին․ գեոֆիզիկ

Ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու դեմ արտահայտող գեոֆիզիկ Աշոտ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ առողջապահության նախարարի վերջին հայտարարությանը, թե նախագծին դեմ արտահայտվողները դիլետանտներ են:



«Երեկ հանրային խորհրդի նիստում քննարկվեց այս հարցը: Հանրային առողջության բաժնի պետ Ասլանյանը հայտարարեց, որ բուսական երկաթ կարող են միայն կովերը ներծծել, իսկ մարդիկ միայն մսեղենից ստացված երկաթ են ներծծում: Փաստորեն, ըստ 40 տարվա տոքսիկոլոգի, բոլոր բուսակերները վաղուց պիտի երկաթի պակասից մեռած լինեին: Հիմա մեզանից ո՞վ է դիլետանտ»,- հարցրեց նա՝ պնդելով, որ ուզում են նախագիծն առաջ տանել մարդկանց աչքերին թոզ փչելով:



Գեոֆիզիկը համամիտ է, որ երիտասարդ կանանց համար օգտակար է ֆորտիֆիկացումը, բայց նկատեց, որ բնակչության մեծ քանակի խմբերի համար այն ահռելի վտանգ է պարունակում: Նա հղում արեց նաև  Ավստրիայի առողջապահության նախարարությանը, որին նամակ են հղել ու պատասխան ստացել, որ այնտեղ 2006թ. նմանատիպ օրինագիծ են մտցրել խորհրդարան, բայց 2008թ. այն մերժվել է: 

 

 

Ինչ վերաբերում է հնարավոր քաղցկեղ առաջացնելու ռիսկին՝ նշեց, որ ճիշտ է՝ ֆոլաթթվի քաղցկեղածին լինելը դեռևս ապացուցված չէ, բայց նաև ժխտված չէ:



Աշոտ Կարապետյանի խոսքով, մեր կառավարությանը բնորոշ է, աչք փակել հնարավոր խնդիրների դեմ, ինչ է թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ասում, և օրինակ բերեց տարրական դասարանի երեխաներին սննդով ապահովելու ծրագիրը, ըստ որի՝ արդեն մի քանի տարի է Հայաստանում տարրական դասարանների շուրջ 67 հազար երեխա ֆորտիֆիկացված ալյուրով սնունդ է ստանում:




Նույն շարքից