Իրավական 

Լրագրողը դատի է տվել Լևոն Մութաֆյանին

analitik.am

Թատերագետ Լևոն Մութաֆյանը հերթական անգամ հայտնվել է դատարանում որպես պատասխանող հանդես գալու վտանգի առաջ: Անկախ լրագրող Ադրինե Թորոսյանը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով:

 

Panorama.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաև լրագրողը ու տեղեկացրեց, որ Facebook սոցիալական ցանցում արված իր մեկնաբանություններում Մութաֆյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Որպես փոխհատուցում Թորոսյանը Մութաֆյանից պահանջում է 1 մլն դրամ:

 

Լրագրողն իր հայցադիմում նշել է, որ Մութաֆյանը իր հասցեին արել է հետևյալ վիրավորական արտահայտությունները՝ «Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում էր, կեղծիքներ տարածում, ստում... », «Հրապարակ»-ը (նկատի ունի թերթը) գուրգուրում և փայփայում էր մի տականքի, որն էժանագին քայլերի էր դիմում, կատարում ստոր պատվերներ»: «Մի՞թե մեր խոսքերը բավական չէին, որպեսզի խմբագրությունը հասկանար, որ գործ ունի լրագրություն մտած հոգով անբարո մարդու հետ», «...ներկայացվում էին փաստեր այս ապիկարի գործունեությունից», «Պարզապես Ադրինեն առավել լկտի ու ցինիկ է», «Ողորմելի զրպարտիչ, շատ ուրախ եմ, որ չես անդրադառնա իմ գրառմանը...»: 

 

«Լևոն Մութաֆյանի կողմից արված ընդգծված արտահայտություններն ակնհայտ վիրավորանք են, որոնք իմ անձը նսեմացնելուց բացի՝ ստվեր են նետում նաև գործարար համբավիս վրա, ինչի հետևանքով գործատուների մոտ հնարավոր է հետագայում առաջանա անվստահություն նաև աշխատանքիս նկատմամբ: Ուստի՝ պատասխանողը պետք է նույն եղանակով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով, իր՝ Լևոն Մութաֆյան օգտատիրոջ անունով, նաև «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջով ներողություն խնդրի արժանապատվությունս նվաստացնող արտահայտությունների համար», -նշել է Ադրինեն` դատարանից խնդրելով որպես բարոյական փոխհատուցում Մութաֆյանին պարտավորեցնել վճարել 1 մլն դրամ:

 

Լրագրողի հայցը դատարան ստացվել է հունիսի 3-ին, դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում է:

Նույն շարքից