Իրավական 

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Շմայսի վերաբերյալ հաղորդումը

analitik.am

Գլխավոր դատախազությունը թեպետ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարության վերաբերյալ գրավոր հաղորդում չի ստացել, բայց ուսումնասիրում է զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումը: Այդ մասին Panorama.am-ին  տեղեկացնում են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) արած վերջին հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:

 

«Վերջին օրերին լրատվական միջոցներով տարածվել են նյութեր, որոնցում ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի հայտարարությունները բռնաբարելու և գլխատելու վերաբերյալ: Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է տալիս ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկություններ տարածած, կարծիքներ հայտնած անձանց հասցեին, մասնավորապես նշելով. «Էդ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի, որովհետև դրանց ընտանիքները երևակայի տուն-տեղ, ընտանիք հասկացողություն չունեն նման ընտանիքի վարկաբեկելու համար և ազգային հերոսի նման կարգավիճակի հասցնելու համար: Աստված տա իմ ձեռքը ընկնի, ես անձամբ կգլխատեմ…»: Այնուհետև նշում է. «…Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»:

 

Գտնում եմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից արված կոչերը իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ», -նշված էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի ներկայացրած հաղորդման մեջ:

 

Նկատենք, որ այս հաղորդման մեջ, սակայն չի նշվում, թե մասնավորապես ինչ բնույթի կարծիքների մասին է խոսքը:

Նույն շարքից