Հարցազրույց Մշակույթ 

Ռեփը գումար աշխատելու տեսանկյունից ոչ այնքան արդյունավետ է. մնում են միայն նվիրյալները. Նարեկ

analitik.am

Տարիներ առաջ հայկական երաժշտությունը համեմվեց  հայկական և հայերեն ռեփով: Ի հայտ եկան անուններ, որոնցից մի քանիսը մինչ օրս հիշվում, ճանաչվում և սիրվում են:  Նրանցից մեկը ռեփեր Նարեկն է, ով չնայած երկար տարիներ ասպարեզում է, դեռ ունի ասելիք և իրենին էլ գումարում է նոր սերնդի ասելիքը:  Analitik.am-ը զրուցեց Մեծ Հայքի Նարեկ Պետրոսյանի հետ  իր այս տարվա կատարած աշխատանքների և տարավերջյան համերգի մասին, որը տեղի կունենա վաղը երեկոյան:

 

 

 

-Նարեկ  նախ ներկայացրեք, թե ի՞նչ համերգ է լինելու վաղը և ովքե՞ր են մասնակցելու:


-Վաղվա համերգը այս տարվա ամենակարևոր ռեփ միջոցառումն է, քանի որ  գրեթե մեկ տարի պատրաստվել ենք: Կարելի է ասել, որ տարվա ամփոփում և փակումն ենք անում:  Ռուսաստանից եկել է «9 грамм»-ը, ազգությամբ հայ է նա, բայց Ռուսաստանում է ապրում և այնտեղ ավելի հայտնի է: «9 грамм»-ի հետ կար շփում սոց.ցանցերի միջոցով: Եղավ մեր կողմից առաջարկ և համաձայնեց գալ Հայաստան:

 

 

 

 

-Նկատել ենք, որ վերջերս սկսել եք  համագործակցել երիտասարդ սերնդի հետ.  այդպես  է ստացվել, թե՞ նպատակային քայլ է:


-Կոնկրետ նպատակի համար է արվում:  Ես՝ հասկանալով, որ երիտասարդների համար այս ասպարեզում կարող եմ ինչ-որ բան անել, փորձում եմ  հնարավորին չափ աշխատել նրանց հետ, աջակցել, որ   պոտենցիալ ունեցողները կարողանան իրենց տեղն ամրապնդել հայկական ռեփում:

 

 

 

-Նոր սերնդի մեջ տեսնո՞ւմ   եք դեմքեր,  որոնց  այնքան կհիշեն,  որքան տարիներ առաջ Ձեզ և ևս մի քանի հայ ռեփերների:

 

-Դեռ հիմա վաղ է այդ մասին խոսել, քանի որ նոր են սկսում նրանք, բայց կան մի քանիսը, որոնք արդեն ինչ-որ քայլեր անում են,  արդեն ունեն լսարան: Ինչպես մնացած բոլոր ասպարեզներում, այնպես էլ ռեփում, ժամանակը ցույց կտա, թե ով կմնա:  Ռեփը գումար աշխատելու տեսանկյունից ոչ այնքան արդյունավետ է, և այս պատճառով մինչև վերջ գնացողները շատ չեն. մնում են միայն նվիրյալները:

 

 

 

-Իսկ համամի՞տ եք այն մտքի հետ, որ  հիմա ռեփ ասպարեզում մի փոքր լճացում   է նկատվում, և հենց   Ձեզ  եթերում   ավելի    քիչ ենք տեսնում:


- Այդքան էլ համամիտ չեմ, քանի որ ընդհանուր առմամբ բոլորն էլ աշխատում են: Ես իմ մասին կարող եմ խոսել, և ասել, որ այս տարի շատ ակտիվ գործունեություն եմ ծավալել, բայց հիմա հեռուստատեսությունների հետ ակտիվ չեմ աշխատում: Մեկ տարի տեսահոլովակներ չէի տալիս TV-ներին, քանի որ համացանցային շուկան ավելի հասանելի և ավելի բավարար էր: Իմ արվեստով հետաքրքրվողներն ինձ լսում են համացանցում: Մյուս տարի  հնարավոր է փոխեմ մոտեցումս և նորից աշխատեմ հեռուստատեսությունների հետ, բայց  այս տարի էլ ես շատ տեսահոլովակներ եմ նկարել թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում:

 

 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից