Տարեվերջին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ավիաբազան կհամալրվի Մի–8 և Մի–24 տեսակի ուղղաթիռներով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը։
«Մենք պատրաստել ենք օդաչուների, առաջիկայում կստանանք Մի–8 և Մի–24 ուղղաթիռները։ Դա հուսալի և լոկալ հակամարտություններում ստուգված ավիացիոն տեխնիկա է։ Տեխնիկայի մատակարարումը սպասվում է այս տարվա վերջին», – ասաց Պետրովը։
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995թ.–ին։ 1998թ.–ի նոյեմբերին ավիախմբում ներառվել է 520–րդ ավիացիոն պարետությունը։ Միաժամանակ ՌԴ–ից բազա են տեղափոխվել ՄիԳ–29 տեսակի չորրորդ սերնդի բազմաթիրախային կործանիչները։ 2001թ.–ի հուլիսին «Էրեբունիում» տեղակայված զորամասերից ձևավորվել է 3624–րդ ավիաբազան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը։