Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ–ի համար, հինգշաբթի Երևանում ասաց Հյուսիսատլանտյան դաշինքի հանրային դիվանագիտության հատվածի նախագահ Գերլինդա Նուսը «Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում» համաժողովի ընթացքում։
«Մենք միասին սերտ գործակցել ենք ոչ միայն Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղարար օպերացիաների ժամանակ, այլ նաև անվտանգության, բարեփոխումների իրականացման ոլորտում։ Մեր գործակցությունը երկարաժամկետ է, և հույս ունենք, որ նոր հաջողությունների կհասնենք»,– ասաց Նեուսը։
Նա նշեց նաև, որ հիմնական ուշադրությունը Վարշավայում ՆԱՏՕ–ի կայանալիք գագաթնաժողովում կհրավիրվի Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Ուկրաինայի իրավիճակից բխող սպառնալիքների հետ կապված գործակցության հարցերին։
Գլոբալացման և տարածաշրջանային գործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ համաժողովի հիմնական նպատակը Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի մասին հանրային իրազեկումն է։
«Բացի այդ, մենք ցանկանում ենք ներկայացնել ՆԱՏՕ–ի դիրքորոշումն աշխարհի մարտահրավերների վերաբերյալ։ Անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը միջազգային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ»,– ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա` Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև գործակցության մակարդակը բավականին կառուցողական մակարդակում է։
«ՆԱՏՕ–ի հետ պետք է աշխատել, գործակցել նրանց հետ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սահմանափակում է ռազմական ոլորտում հարաբերությունների խորացման հնարավորությունը։ Բայց այն, որ ՆԱՏՕ–ի հետ գործակցությունը մեր անվտանգության ապահովման գործում լրացուցիչ գործոն է, կասկած չկա»,– նշեց Գրիգորյանը։