Գիտություն 

Արմեն Աշոտյանը՝ «կուտակային» վճարներին առնչվող ԿԳ փաստաթղթի մասին

analitik.am

Ապրիլի 23-ին իջեցված շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթը նույն օրը տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ս. թ ապրիլի 23-ին տարածված ԿԳ շրջաբերականին, որում նախարարության ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացվել «ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ»: Այդ փաստաթղթում նշվում է, որ «կուտակային» պարտադիր վճարները ուժի մեջ են։ 

«Այսօր որոշ ԶԼՄ-ներում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԿԳՆ-ի կողմից իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին ուղարկված շրջաբերականը կուտակայինին առնչվող հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է, որ փաստաթղթաշրջանառությունը որոշակի ժամանակ է պահանջում. «բանավոր խոսք կառավարության նիստին- գրավոր հանձնարարական - շրջաբերական նամակ հաստատություններին» շղթան երկար է և ժամանակատար: Դժվար չէ հասկանալ սա: 

Ապրիլի 23-ին իջեցված շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի հայտնի ելույթը նույն օրը տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստին: Սա էլ է ակնհայտ:

Իմ տպավորությամբ, որոշների սրտով չէ ՀՀ կառավարության կառուցողական կեցվածքն ու վերջին հրապարակային ելույթները թեմայի առնչությամբ: Որոշները ոչ թե խիստ արդիական խնդրի լուծում են ակնկալում, այլ հնարավորություն ինքնանպատակ «բզբզելու»:

Անօգուտ զբաղմունք է դա: ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ կառավարության մաս է և իրականացրել ու իրականացնելու է բացառապես ՀՀ կառավարության քաղաքականությունը: Անհոգ եղեք»,-գրել է ՀՀ ԿԳ նախարարը Facebook-ի իր էջում։ 

Նույն շարքից