Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի Իդլիբ պրովինցիայում, վերախմբավորելով ուժերը, ԻՊ գրոհայինները վերջին պարտությունից հետո նախաձեռնել են նոր հարձակում: Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում Համա պրովինցիային սահմանակից շրջաններում:
Սիրիական զորքերին դեռեւս հաջողվում է ավիացիայի ու հրետանու օժանդակությամբ կասեցնել ահաբեկիչների առաջխաղացումը:
Իրավիճակը ռազմաճակատում փոփոխվում է ժամառժամ:
Իդլիբի մարտերին գրոհայինները ներգրավել են հիմնականում օտարեկրյա վարձկաններին, որոնց մեծ մասը արաբներ, թուրքեր ու չեչեններ են:
Սիրիական օդուժին Հոմս պրովինցիայում հաջողվել է ոչնչացնել ԻՊ գրոհայինների խոշոր զինապահեստը:
Քուրդ աշխարհազորայինները գրանցել են նոր հաջողություններ, նրանց հաջողվել է ԻՊ գրոհայիններից ազատագրել մի շարք բնակավայրեր ու ընդհուպ մոտենալ Ռաքքային:
ԻՊ ահաբեկիչները ներկայումս ձեռնամուխ են եղել քաղաքի պաշտպանության ամրապնդմանը, կառուցվում են նոր կրակային հենակետեր ու ամրություններ: