Միջազգային Ռազմական 

2015-ի սկզբից Ադրբեջանի ԶՈՒ կորուստը կազմել է 38 մարդ. «Խազար» ինստիտուտ

analitik.am

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության հատվածի կորուստները 2015 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում կազմել են 38 մարդ: Նրանցից 15-ը մարտական, 23-ը` ոչ մարտական կորուստներ են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով contact.az լրատվական կայքը, հայտնում է ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը` հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիտորինգի տվյալներին:

Նույն աղբյուրի համաձայն` 7 զինծառայող ինքնասպանություն են գործել, 6-ը դարձել են ոչ կանոնադրական հարաբերությունների զոհ (ծառայակիցների կողմից գնդակահարություն), 3-ը զոհվել են անզգուշության հետևանքով, 2-ն ընկել են ձնահոսքի տակ, 1-ը մահացել է հիվանդությունից:

Մահացածներից 32-ը պաշտպանության նախարարության, 3-ը` պետական սահմանային ծառայության, 2-ը` արտակարգ իրավիճակների, 1-ը` ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ են:

Նշված ժամանակաշրջանում վիրավորվել կամ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող: Նրանցից 4-ը վիրավորվել են առաջնագծում, մեկը պայթել է ականի վրա, մեկը տուժել է ոչ կանոնադրական փոխհարաբերությունների արդյունքում, ևս մեկը` դժբախտ պատահարից:

Ինստիտուտը չի բացառում, որ պաշտպանության և անվտանգության հատվածի իրական կորուստներն ավելի շատ են, քան իր հրապարակածը:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 2014 թվականին Գերմանիայում Ջասուր Սումերենլիի կողմից, ով Ադրբեջանում հետապնդումների է ենթարկվել և հարկադրված է եղել ապաստան փնտրել:

Կառույցի նպատակը Կասպյան ավազանում պաշտպանության և անվտանգության հատվածներում գործընթացների վերլուծությունն ու ռազմավարական կանխատեսման պատրաստումն է:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 10-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:

ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 79 զինծառայող և 30-ից ավելի վիրավոր:

Նույն շարքից