Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի շրջապատում որոշակի տարաձայնություններ կան, որոնց հիմքում ընկած են Փաշինյանի որոշ թիմակիցների անձնական ամբիցիաները: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցույցերն ու ակցիաները պետք է դադարեն մինչև մայիսի 8-ը, որպեսզի կաբինետային հանդիպումների և քննարկումների համար ժամանակ ունենա։
Ակնհայտ է, որ վարչապետ դառնալով Փաշինյանի խնդիրները ոչ թե ավարտվում են, այլ սկսում՝ ի վերջո հենց նրա վրա է դրված ժողովրդի ակնկալիքներն արդարացնելը և ձեռք բերված հաղթանակը դե ֆակտո ամրագրելը։ Ուստի այս պահին Փաշինյանի համար շատ կարևոր է որակավորված մասնագետներ գտնելը, որոնց կվստահվեն նախարարական պորտֆելները, քանի որ հենց նրանց միջոցով նա պետք է կարողանա լուծել այն բազմաթիվ խնդիրները, որոնց պատճառով բազմահազարավոր քաղաքացիներ դուրս եկան պայքարի և ապահովեցին Փաշինյանի հաղթանակը: Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ուղղակի ժամանակ չունի գլուխ դնել քաղաքապետարանի և վերջինիս ենթակայության տակ գտնվող թաղապետարանների հետ՝ առավել ևս, որ այդ կառույցից առանձնապես դժգոհություն չկա քաղաքացիների մոտ։ Սակայն, Փաշինյանի ամենանեղ շրջապատում գտնվող մարդիկ, ովքեր շարժման առաջին իսկ օրվանից նրա կողքին են, հասկանալով, որ իրենց պատրաստվածությունը չի բավականացնում նախարարական պորտֆելի համար, փորձում են իրենց ապագան ապահովել այլ ճանապարհով՝ վաղաժամ ու Փաշինյանից անկախ ցույցեր են փորձում կազմակերպել՝ պահանջելով Երևանի քաղաքապետի հրաժարականը։ Անհասկանալի է, իհարկե, թե ինչու է նրանց թվում, թե քաղաքապետի աշխատանքն ավելի դյուրին է, ինչևէ, փորձում են:
Դեռևս մայիսի 5-ին ՖԲ-ում Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող բովանդակությամբ էջ բացվեց, որը կոչ էր անում մարդկանց հավաքվել ամսի 7-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ սկսելու, ինչպես իրենք էին որակել, «մերժենք Տարոնին» օպերացիան: Ուշագրավն այն է, որ անձնական ամբիցիաներն առաջին տեղում դասող որոշ մարդիկ չկարողացան հասկանալ, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կողքին է և նրան է լսում, իսկ Փաշինյանն իր առջև խնդիր էր դրել ոչ թե իր շրջապատի մարդկանց համար պաշտոններ ապահովելը, այլ երկիրը նման մտածելակերպով մարդկանցից ազատելը: Պարզվեց, որ նման մտածելակերպով մարդիկ կան նաև Նիկոլ Փաշինյանի շրջապատում, ինչը բնական է բոլոր թիմերում էլ: Նրանք որոշեցին Փաշինյանի խոսքին չհետևել, արդյունքում ընդամենը 200 մարդ հավաքվեց ՖԲ-ում ստեղծված էջի շրջանակներում, սակայն հաշվի առնելով այն, որ 1000-ից ավել մարդիկ սկսեցին բոյկոտել այդ էջի ինքնագործունեությունը և Փաշինյանի կոչերից շեղվելը, կազմակերպիչները բողոքի ակցիայի օրը փոխեցին մայիսի 10-ին՝ ամենայն հավանականությամբ, հույս ունենալով, որ մինչ այդ կհաջողվի ավելի շատ մարդու ներգրավվել:
Մի կարևոր բացթողում կար վերոնշյալ ակցիայի մասնակիցների մոտ՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանի և ժողովրդի պայքարը ոչ արդյունավետ աշխատանքի դեմ է, այլ ոչ թե կոնկրետ անձերի դեմ և կոնկրետ պաշտոնների համար: Ի վերջո, Տարոն Մարգարյանն ամենաարդյունավետ աշխատող մարդկանցից է, և բնակչության շրջանում հետևորդների մեծ թիվ ունի, հետևաբար նրա հրաժարականի պահանջը կբխի՞ արդյոք Փաշինյանի շահերից։
Եթե Փաշինյանի պայքարի նպատակն արդարության վերականգնումն է, ապա Մարգարյանն աշխատել է լավ, եթե հարցը աթոռակռիվն է, ապա ստացվում է, որ Փաշինյանը գցում է ժողովրդին:
Ցավոք, համաժողովրդական այս հզոր շարժման ժամանակ էլ, երբ հույսեր կան, որ ամեն ինչ կգնա նոր ուղով՝ առանց աթոռակռվի, նոր մտածելակերպով և մոտեցմամբ, ինչը Փաշինյանն ամեն կերպ փորձում է անել, վերջինիս հավատարիմների բանակում ախորժակը գնալով մեծանում է։ Անգամ Նիկոլի հեղինակությունն ու շահերը ոտքի տակ գցելով, նրանք պատրաստ են սեփական աթոռն ապահովել ու դրա ապացույցն այս չստացված ակցիայի շուրջ այդքան մեծ աժիոտաժն էր։
Որոշ տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկն էլ գումարներ է տվել ՀԿ-ներին, այսպես ասած բզբզում է, որպեսզի նրանք պաստառներ, շապիկներ պատրաստեն և որպես կազմակերպիչ հանդես գան, բայց հարմար պահին ինքն իր անձով արդեն կմտնի խաղի մեջ: Միջոցը պարզ է՝ հետո Նիկոլին կասեն՝ «ժողովուրդը ուզեց, մենք՝ ինչ»։
Այստեղ մի հարց է մնում միայն՝ իսկ ժողովուրդն արդյոք ուզո՞ւմ է, որ Նիկոլին քաշելու գնով վրեժխնդրություն ու անձնական հարցեր պարզեն և սեփական աթոռակռվի մեջ ներքաշեն Նիկոլին՝ առավել ևս, երբ վերջինս բավականին լուրջ ու ծանր գործեր ունի դեռ անելու...
Վերջիվերջո, այս պայքարը և ժողովրդի հաղթանակը չի կարելի փոշիացնել՝ դարձնելով այն առևտուր և թիմակիցներին պաշտոններ նվիրելու միջոց: Կարծում ենք՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում է սա և թույլ չի տա, որպեսզի իր իսկ թիմակիցներն իրեն մեջքից հարվածեն:
Ներկայացնում ենք նաև Նիկոլ Փաշինյանի համակիրներից մի քանի կարծիքներ վերոնշյալ ակցիայի մասին.



